05/02/2025

Պարզվել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունները. մանրամասներ Վանաձորի կրակոցների դեպքից․ Լուսանկար

Ինչպես հայտնի է, հունվարի 6-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հունվարի 7-ին պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների և կրակոց արձակողի ինքնությունը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում Վանաձորի բնակիչներ 45-ամյա Միկիտ Մարկոսյանի, 43-ամյա Դավիթ Մարկոսյանի և 38-ամյա Տիգրան Էվոյանի միջև:

Այն տևել է մոտ 10-15 րոպե, և վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ հավաստի տեղեկությունների, Մ. Մարկոսյանը իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Տ. Էվոյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք, ապա Մ. Մարկոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքնայով դեպքի վայրից դիմել է փախուստի:

Տ. Էլոյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև քննչական մարմնի կողմից հանձնարարական է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակին, որպեսզի հայտնաբերեն «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 6-ին Վանաձորի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։