05/02/2025

Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում. Սրբազանը կոչով դիմել է համայն աշխարհի հայությանը

Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»:

Այսու մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված մեր հայրենակիցներին այս վճռական ժամին՝ հասկանալով հանդերձ, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ այսպես կոչված «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար:

Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները» և թե ինչ ճնշման տակ են գտնվել ու շարունակում մնալ մեր բոլոր պատանդները:

Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո՛չ մեր աջակցությունը, և ո՛չ էլ Հայաստանի ու հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու և վերջիններիս Հայրենիք վերադարձնելու համար:

Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին, ինչպես նաև ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար։

Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ