20/01/2025

Ինչու է Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել հեռախոսային խոսակցություն Պուտինի հետ

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Կրեմլի հաղորդագրության համաձայն, որ տարածվել է Հայաստանի կառավարության հաղորդագրությունից քիչ ավելի ուշ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ քննարկվել են ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքներին, հետագա անելիքներին վերաբերող հարցեր, նաև հայ-ռուսական երկկողմ օրակարգը: Փոքր-ինչ տարբեր է Կրեմլի հաղորդագրությունը՝ բավականին ուշագրավ նրբերանգներով:

Մասնավորապես, ԵԱՏՄ առնչությամբ շեշտվում է, որ քննարկվել են հետագա ինտեգրացիային վերաբերող հարցեր, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում: Ի՞նչ է նշանակում այդ ձևակերպումը: Դա ակնարկ է, որ Պուտինը Երևանին զգուշացրել է ԵԱՏՄ-ին անդամությունը կասկածի տակ դնելու դեպքում էներգետիկ հետևանքի մասի՞ն, թե՞ խոսքն այն մասին է, որ ընդհանրապես չկա անդամության կասկածի տակ դնելու հարց, այլ քննարկվում է էներգետիկ միասնական շուկայի թեման, որը միշտ կարևոր է համարել Երևանը:

Իսկ արդյո՞ք էներգետիկ հարցերը կարող են քննարկվել՝ ներառելով նաև Իրանը՝ հաշվի առնելով թե այն, որ Իրանը փաստորեն դիտորդի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում՝ ի դեպ Հայաստանի նախագահությամբ անցկացված վերջին նիստում, 2024 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև այն հանգամանքը, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն էլ տեղի է ունեցել այն օրը, երբ Մոսկվա է ժամանել Իրանի նախագահ Փեզեշկիանը և Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից փաստորեն կարճ ժամանակ անց Մոսկվայում Պուտինը հանդիպում է ունենալու Իրանի նախագահի հետ:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է իրավիճակը՝ կապված Եվրամիության հետ հարաբերության համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ։ Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Ինչպիսի՞ն են եղել դրանք, մանրամասներ չկան:

Այդ մեկնաբանությունների ու գնահատականների բովանդակությունը թերևս կախված է եղել այն հանգամանքից, թե Պուտինը որքանով է բավարարված եղել իրավիճակի այն պարզաբանումներից, որ ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ հեռախոսազանգը Փաշինյանի նախաձեռնությունն է:

Այն փաստորեն տեղի է ունենում Իրանի նախագահի Մոսկվա այցի օրը, երբ ստորագրվելու է ռուս-իրանական ռազմավարական համապարփակ գործակցության պայմանագիրը: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ այդ օրը, չնայած հասկանալի զբաղվածության հանգամանքին, ռուսական կողմը այսպես ասած համաձայնում է «վերցնել լսափողը»:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգը Պուտինին փաստորեն նախորդում է Արարատ Միրզոյանի Մոսկվա այցին, և թերևս այդ զանգով Նիկոլ Փաշինյանը փորձում է «ուղեկցել» Միրզոյանին, ըստ ամենայնի նախապես քննարկելով Մոսկվայի հետ հարցեր, որոնք ենթադրաբար պետք է բարելավվեն Միրզոյանի այցի միջավայրը:

Հատկանշական է, որ հաղորդագրություններում «բացակայում» է օրերս ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության թեման: Դա չիբ հետաքրքրե՞լ կողմերին, թե՞ նպատակահարմար չի դիտվել հանրայնացնել այդ հետաքրքրությունը թեկուզ պրոտոկոլային ստանդարտով: