Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանում իրանցի ուսանողներին առնչվող միջադեպերի մասին, երբ բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։
Այս մասին հայտնել է իրանական Irna գործակալությունը։
Ըստ Դեմիրչիլուի՝ նման միջադեպերը բացասական ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա: Նա պահանջել է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին՝ այդպիսով վերականգնելով արդարությունը և կանխելով նման դեպքերի կրկնությունը:
Մոջթաբա Դեմիրչիլուն հատուկ անդրադարձ է կատարել նաև հոգևորականների և աստվածաբանների բարձր կարգավիճակին երկու ժողովուրդների մշակույթներում՝ շեշտելով, որ անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել և վճռականորեն արձագանքել ցանկացած վիրավորանքին կամ պառակտիչ գործողությանը: Նա ընդգծել է, որ այսպիսի միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից և կարող են խոչընդոտել երկարաժամկետ հարաբերությունների զարգացմանը:
Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն ափսոսանք է հայտնել նմանատիպ դեպքերի համար՝ հավաստիացնելով, որ այդ հարցը կքննարկվի իր երկրի իշխանությունների հետ: Նա նաև վերահաստատել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խորացնելու հարաբերությունները և պաշտպանելու փոխադարձ շահերը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ իբր «անբարոյական վարքագծի» համար։






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ