Կառավարությունը գիտակցում է քրեական ենթամշակույթի վտանգավորությունը, հատկապես երիտասարդների շրջանում վարքագծային խեղման առումով։
Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին՝ թե ի՞նչ աշխատանք է կատարվում քրեական ենթամշակույթը Հայաստանում արմատախիլ անելու համար։
Ներկայացնելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Արփինե Սարգսյանը ասաց, որ 2020-2024 թթ. ընթացքում իրականացվել է 89 քրեական վարույթ, որոնցից մի մասը արդեն ուղարկվել է դատարան, իսկ մյուս մասով նախաքննություն է ընթանում․ «Նշեմ, որ այստեղ խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացուցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի և պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով։ Հընթացս նաև քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական այս կարգավորման մեջ պետք է կատարենք որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանանք նաև կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։ Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու և պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը և ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործությունը։Այս պահի դրությամբ վարչապետի հանձնարարությամբ մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակն ունենալն ինքնին կդիտարկվի քրեական պատասխանատվության առարկա»։
Նախարարը նաև ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իրականացվելու է ոչ միայն օրենսդրական փոփոխությունների միջոցով, այլև հանցավորության կանխարգելման և կրթական ծրագրերի բարեփոխման ճանապարհով․ «Կարծում եմ, որ հետևողականությունն է բացառապես, որ թույլ կտա հեռանկարում ունենալ որոշակի վարքագծային փոփոխություններ այս տեսանկյունից»։

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր