23/02/2025

Ռուս – ամերիկյան ընթացող հանդիպումը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է. ինչ են գրում

Սաուդյան Արաբիայում ընթացող Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների թեման առանցքային է դարձել ամբողջ աշխարհի լրատվամիջոցների համար, հոդվածները հայտնվել են արևմտյան առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների առաջին էջերում։

Ռիադում, հիշեցնենք, մեկնարկել են ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները։

Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրանց դիմաց նստած են երեք ամերիկացի բանակցողներ՝ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Բանակցությունների գլխին Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն են։ Ինչպես նշել է Ուշակովը, հանդիպման խնդիր է դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։

Հանդիպումն ընդմիջվել է 15 րոպեով, այնուհետ՝ շարունակվել:

Այս հանդիպման մասին գրել են իտալական Rainews24 հեռուստաալիքը և Messaggero, Repubblica թերթերը, իսպանական Pais և Mundo թերթերը, ամերիկյան The New York Times և Wall Street Journal թերթերը, ամերիկյան CNN հեռուստաալիքը, բրիտանական BBC, Financial Times, Guardian և Economist հրատարակությունները , ֆրանսիական Point ամսագիրը և բազմաթիվ այլ միջազգային ԶԼՄ-ներ:

Որոշ լրատվամիջոցներ բանակցությունների արդյունքներից վճռորոշ ակնկալիքներ ունեն։ Մասնավորապես, Point-ն իր հոդվածը վերնագրել է «Ի՞նչ սպասել Էր-Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցություններից» հարցով։

Իտալական Repubblica թերթի հոդվածը հրապարակվել է «Հալեցում Էր-Ռիադում. Լավրովն ու Ռուբիոն այսօր հանդիպում են» վերնագրով։

Իսպանական Pais-ն ընդգծել է, որ հանդիպումն ընթանում է առանց Կիևի կամ Բրյուսելի ներկայացուցիչների ներկայության։

Իտալական մեկ այլ թերթ՝ Messaggerо-ն, որոշել է կենտրոնանալ բանակցությունների մասնակիցների վրա՝ հրապարակելով գրասենյակում հավաքվածների լուսանկարը։

«Ռիյադում մեկնարկում է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը. ահա, թե ովքեր են նստած բանակցությունների սեղանի շուրջ (բայց ոչ ձեռքսեղմումներ)»,- ասվում է հոդվածի վերնագրում։

Ամերիկյան Wall Street Journal թերթն իր վերնագրում նշել է, որ «ԱՄՆ-ը ձգտում է վերականգնել լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում

Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։

Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ չորեքշաբթի, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։