Ինչու է ամեն ինչ դեպի վատը գնում՝ սկսած ազգային հարցերում աղետալի զարգացումներից եւ վերջացրած մայրաքաղաքում կյանքի պարալիզացմամբ:
Շատ պարզ՝ որովհետեւ գործ անելու փոխարեն այսօրվա իշխանություններն իրենց ամբողջ էներգիան ծախսում են «հասարակական կարծիք» ստեղծելու վրա: Այդ գործելաոճի դրսեւորումները բազմաթիվ են: Ոչ թե հավաքել ձյունը, երթեւեկելի դարձնել ճանապարհները եւ նախապատրաստել քաղաքային տրանսպորտն այս եղանակային պայմանների համար, այլ՝ մտնել Ֆեյսբուք եւ հերոսական շեշտերով պատմել, թե ինչպես է ձյունը մաքրվում:
Ոչ թե կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը, այլ մի քանի անգամ կազմակերպել դրա նախագծի «շնորհանդեսը»:
Ոչ թե փոխել կրթության բովանդակությունը, այլ տարիներով խոսել «ակադեմիական քաղաք» կոչվող ֆիկցիայի մասին: Ոչ թե պայքարել կոռուպցիայի դեմ, այլ, կատարելագործելով կոռուպցիոն սխեմաները, հարստացնել սեփական բարեկամներին եւ հին-նոր օլիգարխներին, սեւեռվել «նախկինների» թալանի վրա:
Իշխանափոխությունից հետո, հավատացնում եմ ձեզ, շատ ավելի աղմկոտ կոռուպցիոն գործեր են քննվելու, քան հիմա: Եվ դա է, մասնավորապես, պատճառներից մեկը, թե ինչու են կառչել իրենց աթոռներից: Ոչ թե գնալ Եվրոպային ինտեգրվելու ճանապարհով (որն, իմ կարծիքով, պետք է լինի մեր պետության հիմնական ռազմավարական ուղին), այլ աղմկոտ եւ դատարկ խոսակցություններ վարել դրա մասին եւ մտադրությունների վերաբերյալ անիմաստ «օրենքներ» ընդունել:
Ոչ թե բարեփոխել կառավարման համակարգը՝ նաեւ սահմանադրական փոփոխությունների միջոցով, այլ իրականում պահպանելով վարչապետի դիկտատորական իրավասությունները, «նոր սահմանադրություն» գրել, որի միակ իմաստն Անկախության հռչակագրից հրաժարվելն է:
Եվ «հիմնավորել» Ալիեւի պահանջի կատարումը անճոռնի եւ անգրագետ «գաղափարախոսական» ճառերով: Ոչ թե հաղթել պատերազմում, այլ պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա