Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։
Անշուշտ, դա ողջունելի հայտարարություն է, բայց այդ հայտարարությունը ոչ թե խոսում է Բաքվում պահվող հայ պատանդների խնդրի լուծմանը միջազգային ուժեղ աջակցության, այլ գործնականում դրա բացակայության մասին: ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարությունն Ադրբեջանում ըստ ամենայնի առաջացնում է քմծիծաղ:
Ադրբեջանը իրեն թույլ է տալիս չկատարել միջազգային դատական ատյանների որոշումները: Մտածել, թե Բաքվի «ունքը շարժվելու» է ՄԱԿ գերագույն հանձնակատարի հայտարարություններից, մոլորություն է: Եվ այստեղ, իհարկե, խնդիրը գերագույն հանձնակատարը չէ: Նա, ըստ էության, չի էլ կարող ավելին:
Խնդիրն այն է, որ մենք, թերևս, պետք է չունենանք ավելի պատրանքներ, կապված ընդհանրապես միջազգային հանրություն ասվածի, միջազգային կառույցների, դատարանների, ատյանների հետ:
Դրանք չկան, չեն գործում, դրանք դե ֆակտո փլուզված են, կամ բացարձակապես ենթակա են աշխարհաքաղաքական շահերին, որոնց համեմատությամբ Բաքվում պահվող հայ պատանդների հարցն այսօր չափազանց փոքր է:
Հետևաբար, եթե մենք դիտարկում ենք հարցի իրական լուծում գտնելու հնարավորությունը, ապա մտածողության «վեկտորը» պետք է լինի հենց այն ուղղությամբ, թե ինչպես ենք խնդիրը տեղավորում շահերին այնպիսի համակարգի շրջանակում, որը կամ կբերի որեւէ փոխհամաձայնության և այդ կերպ խնդրի լուծման, կամ կբերի Ադրբեջանի վրա այնպիսի քաղաքական ճնշման, որ Բաքուն ինքը կփնտրի լուծում՝ ճնշումից ազատվելու համար:
Ինչպես լուծել այդ խնդիրը: Դա, իհարկե, ամենից բարդն է, բայց, ըստ էության, միակ ճանապարհը և տարբերակը: Այլը, պրակտիկորեն գոյություն չունի, որովհետև այսօր գոյություն չունի միջազգային իրավական համակարգ, գոյություն չունի աշխարհակարգ, որտեղ գործում են իրավունքի ուժի վրա կառուցված սկզբունքներ:
Այսօր առավել, քան երբևէ գերակայում է ուժի իրավունքը: Հետևաբար, խնդիրները լուծվում են կամ ուժով, կամ շահերի որևէ ուժային համակարգի համադրելիությամբ:
Բաց մի թողեք
Ինչու է Հայաստանը մեկուսանում միջազգային իրադարձություններից, ինչ սպասել ․․․
Դոնալդ Թրամփն «արտոնում է» Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Ադրբեջանի ցինիզմը սահմաններ չի ճանաչում, իրենք դատում են, ՀՀ-ից պահանջում հայցերը ետ կանչել