09/03/2025

Ալիևն ուղևորվում է Թուրքիա. ինչ է սպասվում

Ադրբեջանի նախագահը մարտի 5-ին կժամանի Թուրքիա։

Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Ալթունն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարի այցը տեղի կունենա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Սպասվում է, որ նախագահները կհանդիպեն Անկարայում՝ քննարկելու տարածաշրջանում և աշխարհում վերջին զարգացումները, ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցեր։

Ղեկավարները նաև առցանց կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։

Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով Թուրքիա է այցելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մոտավորապես հնարավոր է պատկերացնել, թե ինչ հարցեր են լինելու Էրդողան-Ալիև հանդիպման օրակարգում: Այն, որ Ալիևը հրավիրվել է Անկարա, թերևս նշանակում է, որ կա բավականին առարկայական, էական խոսակցության անհրաժեշտություն, որը հնարավոր չէ «փոխարինել» հեռախոսազրույցով:

Այսինքն, լինելու է մասշտաբային և առարկայական օրակարգ: Թուրքիան, ըստ ամենայնի, սահմանելու է Ադրբեջանի տեղն ու դիրքը, ըստ էության՝ վարքագիծը, այն վերաձևումներում և վերադասավորումներում, որ ներկայումս տեղի են ունենում Թրամփի պաշտոնամուտից հետո: Թուրքիան փորձում է դիրքավորվել ուժերի նոր հարաբերակցության համատեքստում և Անկարայի համար այստեղ շատ կարևոր է դառնում Ադրբեջանի վարքագիծը:

Էրդողանն Ալիևից պահանջելու է ավելի ագրեսիվությո՞ւն, թե՞ հակառակը՝ չանել շարժեր ու քայլեր, որոնք Թուրքիայի համար կստեղծեն լրացուցիչ խնդիրներ: Սա կախված է նաև այն հանգամանքից, թե Էրդողանն օրեր առաջ ինչ է խոսել Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ, որի հետ նրա հեռախոսազրույցն այն օրն էր, երբ Սպիտակ տանը տեղի էր ունենում աղմկոտ միջադեպը Զելենսկու այցի ընթացքում: Դրանից ժամեր առաջ Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպել էր նաև Սթարմերը, որը Սպիտակ տանը աղմկոտ միջադեպից ժամեր հետո Լոնդոնում գրկում էր Զելենսկուն բավականին երկար: Սթարմերն Էրդողանից ակնկալել է աջակցություն, դա թերևս կասկածից վեր է:

Հարցն այն է, թե արդյո՞ք Էրդողանը խոստացել է այդ աջակցությունը և Ալիևին հրավիրել դրա համար, թե՞ հակառակը՝ Էրդողանը մտադիր չէ «ոտք դնել» Թրամփին, և նույնն ակնկալում է նաև Ադրբեջանից՝ որի հետ ունի օկուպացված Շուշիում ստորագրված հայտնի հռչակագիրը: Էրդողանին գուցե անհանգստացնում է այն ազդեցությունը, որ Ադրբեջանի հանդեպ ունի Բրիտանիան՝ Բաքվի նավթագազայյին ոլորտի գլխավոր ներդրողը:

Ի դեպ, շատ հետաքրքիր տեղեկություն է ստացվել Բաքվից՝ Ալիևի Անկարա այցին ընդառաջ: Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի նավթավերամշակման գործարանում: