10/03/2025

ԱՄՆ նախագահը նամակ է հղել, առայժմ Իրանը չի ստացել Թրամփից որևէ նամակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ նամակ է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին՝ բանակցություն սկսելու առաջարկով: Թրամփը հայտնել է, որ նամակում ասել է, թե այդպես ավելի լավ կլինի Իրանի համար: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ առայժմ Իրանը չի ստացել ԱՄՆ նախագահից որևէ նամակ:

Ի դեպ, այս առնչությամբ թերևս արժե հիշել համանման իրավիճակ այն բանից հետո, երբ Թրամփը նախորդ տարի նոյեմբերի 5-ին հաղթեց ԱՄՆ նախագահի ընտրությանը: Դրանից մոտ տասն օր անց ամերիկյան Նյու Յորք Թայմսը հայտնեց տեղեկություն, թե Թրամփի թիմի առանցքային ներկայացուցիչ Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչին և քննարկել հարաբերության հեռանկարները Թրամփի նախագահության ընթացքում: Սակայն իրանական կողմը չհաստատեց, որ եղել է այդպիսի հանդիպում:

Ինչպիսին է Թրամփի նամակի պատմությունը, բարդ է ասել, սակայն այդ մասին Թրամփի հայտարարությանը զուգահեռ, Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ ուղիղ բանակցություն չի լինի, քանի դեռ ԱՄՆ խոսում է վերջնագրի և ուժի լեզվով:

ԱՄՆ հետ ուղիղ բանակցությունը օրեր առաջ բացառել էր նաև Գերագույն հոգևոր առաջնորդը: Օրեր առաջ Բլումբերգը հայտնել էր, որ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցում խնդրել է նրան միջնորդել Իրանի հետ բանակցության հարցում: Ըստ տեղեկության՝ Պուտինն ընդունել է խնդրանքը: Իսկ Իրանն ընդունե՞լ է, թե՞ ոչ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ բանակցությանը միջնորդելու առաջարկը նորմալ է: Առաջարկը նորմալ է, բայց ընդունելի՞ է: Երբ Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ հետ չի վարի ուղիղ բանակցություն, քանի դեռ Վաշինգտոնի մոտեցումը վերջնագրային է, արդյո՞ք դա նշանակում է, որ կվարի միջնորդավորված բանակցություն՝ Ռուսաստանը դիտարկելով ԱՄՆ վերջնագրերը այսպես ասած «լիցքաթափող» օղակ:

Այդ մոտեցումը կարող է լինել տրամաբանական, հաշվի առնելով նաև այն ակնկալիքները, որ Թեհրանից ունի Մոսկվան՝ ռազմավարական գործընկերության առնչությամբ:

Թեհրանն այդ հանգամանքը կարող է դիտարկել Մոսկվային Վաշինգտոնի հավակնությունների «շանթարգել» իմաստով: Համենայն դեպս, Հայաստանին, թերևս, արժե խորհել Իրանի շուրջ հնարավոր կոնֆիգուրացիայում համեստ դեր ունենալու վերաբերյալ:

Գուցե ավելորդ չէ, եթե Երևանը որևէ՝ թեկուզ խորհրդարանական մակարդակում արտահայտի ամերիկա-իրանյան երկխոսությամբ շահագրգռված լինելու և դրան նպաստելու իր պատրաստակամության մասին, հայտնելով ընդհուպ այդ երկխոսության հարթակ տրամադրելու պատրաստակամություն:

Հարցն այն չէ, թե որքանով այդ պատրաստակամությունը կարող է լինել ընդունելի և վերածվել գործընթացի, որքանով դա կարող է դիտվել իրատեսական: Պարզապես, քաղաքականությունը սկսում է կառուցվել խոսքից: