Համաձայն Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
Երկրների միջեւ խաղաղության որեւէ համաձայնագիր կարող է արժեւորվել միայն համապատասխան ռազմա-քաղաքական հաշվեկշռի գոյության պայմաններում, որը ներկայումս բացակայում է։
Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սնուցվող ամենօրյա թշնամանքի, հայ ռազմագերիների առկայության, Հայաստանի հանրապետության տարածքի ռազմակալման, ռազմական պատրաստությունների պայմաններում ստորագրվող այսպես կոչված «Խաղաղության համաձայնագիրը» չարժե այն թղթին, որի վրա ստորագրվելու է, հատկապես միջազգային իրավունքի եւ աշխարհակարգի ներկա խառնաշփոթի պայմաններում։
Փակ դռների ետեւում ստորագրման է պատրաստվել մի փաստաթուղթ, որի բուն տեքստը թաքուն է պահվում ժողովրդից, եւ սակայն ադրբեջանական կողմի՝ Հայաստանին լրացուցիչ պարտադրվող սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարար է գնահատելու համար այս փաստաթուղթը որպես Արցախի պահանջատիրությունից հրաժարվող, Հայաստանի անվտանգությանը հակասող, հայ ժողովրդի դեմ որպես հոգեբանական զենք օգտագործվող հակասահմանադրական փաստաթուղթ։
Արդեն իսկ հայտնի է, որ ըստ այդ «համաձայնագրի» Հայաստանը, լինելով հանդերձ ագրեսիայի ենթարկված միջազգային իրավունքի սուբյեկտ, ուրանում է հայ մարդկանց արյունը, հրաժարվում ադրբեջանական վայրագությունների, ցեղասպանության, բնաջնջման փաստացի իրավական պատասխանատվության ենթարկելու իրավունքից, ինքնակամ հրաժարվում է ինքնիշխանության այնպիսի զսպող մեխանիզմներից, ինչպիսիք են միջազգային հայցերը, եւ սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր տեղակայելը, այդ թվում արդեն իսկ իրեն արդարացրած եւ տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը։
Սա ոչ թե երկու համահավասար կողմերի միջև կնքվող փաստաթուղթ է, այլ ամենօրյա ռազմական սպառնալիքների տակ թելադրվող, Հայաստանի կողմից միակողմանի զիջումների արդյունքում ծնված կապիտուլացիայի, Թուրանին ինտեգրվելու եւ ազգային ինքնությունից եւ ինքնիշխանությունից հրաժարվելու հանձնառություն, որից կարելի է ազատվել միայն դրան հակադրվող լայն դիմադրական շարժման շնորհիվ, որը ազգային համնաձայնության նոր կառավարության ձեւավորումով կբերի իշխանափոխության։
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարությունից անհապաղ հրապարակել այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» համաձայնեցված վերջնական տարբերակը։
Ազգային ժողովրդավարական բեւեռը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին պատրաստ է անհապաղ երկխոսության բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսելով գոյաբանական վտանգը պատրաստ են համախմբվել նման դիմադրական շարժման մեջ։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Բաց մի թողեք
Էությամբ՝ ստալինիզմ, «հանդերձանքով»՝ ժողովրդավարություն
Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը. Լուսանկար
Այլևս նայելու ժամանակ չկա. Մանե Թանդիլյանը դիմեց ՄԱԿ-ին