15/03/2025

Խաղաղության պայմանագրում չկա դրույթ, որ 2 երկրի տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան. ԱԳ նախարար

«Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրի տարածքներում բնակված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են»:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նկատելով, որ Խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքներն ավարտելու մասին հայտարարություններից հետո հանրության շրջանում եղել են մտահոգություններ ու շահարկումներ:

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման:

«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Մեր մոտեցումն ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, և փոփոխություններ չի կրել: Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը»,- ասել է Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ հայկական կողմը կառուցողական, երկուստեք ընդունելի առաջարկ է ներկայացրել ադրբեջանական կողմին. «Այդ առաջարկը հետևյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ամբողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացք: Բայց ինչպես նախկինում, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի պարզ և ուղիղ ասեմ՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են ՀՀ ինքնիշխանության ներքո ու օրենսդրությանը համապատասխան: Մենք նաև կարծում ենք, ինչպես և նախկինում, համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա: Բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»:

«Տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է: Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին համաձայնագրի տեքստում չկա»,- ասել է Միրզոյանը՝ մանրամասնելով, որ կա երկկողմ պատրաստակամություն՝ համագործակցելու, այդ թվում՝ տրանսպորտային և տրանզիտային հարցերում:

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ ավարտել են Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ընդգծել է, որ պայմանագիրը պատրաստ է ստորագրման: