«Քաղաքականությունն այստեղ կապ չունի, այդ մարդը քրեական հանցագործություն է կատարել եւ պետք է կրի իր պատիժը»:
Այդպես էին ասում իշխանությունները, երբ վերջին 30 տարիների ընթացքում պետք էր ազատազրկել իրենց այս կամ այն պատճառով դուր չեկող մարդուն: Նույնն է ասում ՌԴ, Ադրբեջանի կամ Բելառուսի իշխանությունը:
Մոտավորապես նույնը մենք լսել ենք Բրեժնեւի ու նույնիսկ Ստալինի ժամանակ: Հիմա էլ ենք լսում «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ինչ-որ մեկին ինչ-որ հարցով միջնորդել է: Բայց որեւէ կասկած չունեմ, որ սրընթաց հարստացած ՔՊ-ականների շարքերում Աղազարյանն առաջին տեղերում չէ:
ՔՊ-ական վերնախավում սեփական եւ հարազատների բիզնեսների, պետպատվերներին տիրանալու, օտար ափերում անշարժ գույք ունենալու եւ «գործեր դզելու» առումով կան շատ ավելի «խոշոր ձկներ»: Եթե իշխանափոխությունից հետո պահպանվի «հակակոռուպցիոն կոմիտե» կոչվող կառույցը, ապա այն հաստատ պարապ չի մնա: Բայց առայժմ ձեւ է արվում, որ ամենախոշոր կոռուպցիոները Հովիկ Աղազարյանն է:
Իրականությունը չափազանց թափանցիկ է: Հենց որ անցած տարվա դեկտեմբերին Աղազարյանը սկսեց որոշ չափով շեղվել «կուսակցության գլխավոր գծից», Փաշինյանը հրահանգեց նրա վրա կոմպրոմատ պեղել: Եվ, ինչպես նույն Ստալինն էր ասում, եթե կա մարդը, հոդված միշտ էլ կգտնվի: Եթե Աղազարյանը հրաժարվեր մանդատից, ապա դրա անհրաժեշտությունը գուցե եւ չլիներ: Բայց հիմա նախկին ՔՊ-ականի ճակատագիրը որոշված է. եթե նույնիսկ չազատազրկվի, ապա հաստատ մանդատից կզրկվի: (Լավ է, այդ հարցով պետք չեղավ համազգային հանրաքվե անցկացնել):
Ինչ խնդիր է դրանով լուծում իշխանությունը: Շատ պարզ. թող որեւէ մեկը, որին «շեֆն» ընդգրկել է ՔՊ ցուցակում եւ այդպիսով պատգամավոր է դարձրել, չհամարձակվի հակադրվել երկրի միապետին: Միանգամայն կանխատեսելի է, որ այլեւս ոչ մի ՔՊ-ական որեւէ ինքնուրույնություն չի դրսեւորի: Նախ՝ նա տեսնում է, թե ինչ հետեւանքների է դա բերելու:
Երկրորդ՝ եթե խոսքը պատգամավորների մասին է, ապա մեկ տարի անց ընտրություններ են լինելու, եւ, բնականաբար, ՔՊ-ականները հույսեր են փայփայում, որ Փաշինյանն այս անգամ եւս նրանց ցուցակի մեջ կընդգրկի, ինչը կերկարաձգի նրանց երջանիկ կյանքը եւս 5 տարով:
Որպեսզի կյանքի այդ երազանքը իրականանա, պետք է այս տարվա ընթացքում ոչ միայն չհակադրվել, այլեւ որքան հնարավոր է՝ ագրեսիվ լինել «նախկինների» եւ «ռուսական գործակալների» հանդեպ:
Իսկ ի՞նչ կլինի, երբ Փաշինյանն այս կամ այն ձեւով զրկվի իր «գահից»: Այստեղ նույնպես ոչ մի գաղտնիք չկա: Հիշեք թեկուզ, թե ինչեր էին խոսում Ստալինի շրջապատի մարդիկ «մեծն առաջնորդի» մահվանից հետո:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան
Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին․ Թանդիլյան