29/10/2025

Երևանի պետական ճկունության 0 հնարավորություններն ու Բաքվի գրոհները

Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանցիների շարունակվող կրակոցներին, որոնք նվազագույնը հոգեբանական ահաբեկություն են սահմանամերձ գոտիների քաղաքացիական բնակչության հանդեպ, Հայաստանում կառավարող մեծամասնության ներկայացուցիչները արձագանքում են «խաղաղության ճանապարհի» անշեղության մասին հավաստիացումներով:

Հնչում է հետևյալ տրամաբանությունը, որ չնայած Բաքվի այդ սադրանքներին, Հայաստանը շարունակելու է չպատասխանել և մնալ խաղաղության հետևորդի դիրքում:

Երևանից հնչող այդ արձագանքները վկայում են, որ գործնականում գոյություն չունի կայունության կառավարման որևէ գործուն մեխանիզմ: Հակառակ դեպքում, Երևանն ինչո՞ւ պետք է կարիք ունենար զերծ մնալ նույնիսկ ադրբեջանական կրակոցներին համարժեք քաղաքական գնահատական տվող հայտարարություններից:

Ակնառու է, որ պաշտոնական Երևանն անգամ գնահատականների հարցում է զգույշ ուր մնաց կրակոցներին պատասխանելու հարցերում: Սա նշանակում է, որ «խոստովանվում» է Ադրբեջանին զսպող որևէ մեխանիզմի բացակայության մասին, եթե էսկալացիա թույլ չտալու տարբերակ է դիտվում Ադրբեջանի կրակոցների հանդեպ այդօրինակ հանդուրժողությունը:

Սա, իհարկե, զարմանալի չէ: Զարմանալի է այն, որ չնայած այդ ակնառու իրողությանը, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կա «բանավեճ»՝ այս կամ այն մեխանիզմին ապավինելու վերաբերյալ:

Այսինքն, չկա մեխանիզմ՝ ինչը խոստովանում է պաշտոնական Երևանը, բայց փաստորեն Հայաստանում կա գոյություն չունեցող մեխանիզմների վերաբերյալ քաղաքական բանավեճ: Իսկ դա Հայաստանում հասարակական-քաղաքական քննարկումների մի առանցքային մաս հանդիսացող «բանավեճ» է:

Այսինքն, այդ դրվագը վկայում է, թե որքան անպտուղ և անհեռանկար է հասարակական-քաղաքական քննարկումների մի զգալի մաս, որքան է այն կտրված իրականությունից, գոյություն ունեցող իրողություններից:

Քննարկումներ ոչ թե որևէ մեխանիզմ ձևավորելու մասին, այսինքն՝ որևէ մեխանիզմի հեռանկարի, դրա ձևավորման, բովանդակության և այլնի մասին, այլ քննարկում ու «բանավեճ» գոյություն չունեցողի մասին՝ «կամ-կամ»-ի տրամաբանությամբ:

Մինչդեռ, ռեգիոնալ զսպման և անվտանգության մեխանիզմների հարցնն այսօր, ըստ էության, նույնիսկ աշխարհաքաղաքական օրակարգի հարց է: Հայաստանն, անշուշտ, օբյեկտիվորեն չունի այդ օրակարգի վրա էական որևէ ազդեցության լծակ, բայց հարցը էական է դառնում նաև ցանկացած շահառու սուբյեկտի ներքին օրակարգի տեսանկյունից, թե ինչպիսին կարող են լինել գործուն մեխանիզմները իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ:

Երբ խոսքը ամբողջատիրական սուբյեկտների մասին է, ինչպես օրինակ Ադրբեջանը, այստեղ քննարկումները բնականաբար մի կողմից իրատեսական չեն, մյուս կողմից՝ ավելորդ են: Բայց, եթե ռեսուրսը ժողովրդավարությունն ու բազմակարծությունն է, այն պետք է արդյունավետ ուղղվի դեպի բովանդակային քննարկումներ, որոնք կհարստացնեն Հայաստանի սցենարային բազաները, հետևաբար նաև պետական ճկունության հնարավորությունները:

Այդ խնդիրը, սակայն, բացարձակապես առաջնահերթներից չէ թե՛ պետական, թե՛ քաղաքական տիրույթներում: