25/11/2025

Ի՞նչ հետեւանքներ կունենա «փաշինյանական եկեղեցու» ստեղծումը. Լուսանկար

Ես, բնականաբար, հույս ունեմ, որ Փաշինյանին չի հաջողվի հեղաշրջում իրականացնել Մայր Աթոռում: Ես դա բացարձակապես անընդունելի եմ համարում ոչ թե այն պատճառով, որ չեմ տեսնում մեր եպիսկոպոսների եւ ընդհանրապես հոգեւորականների թերությունները:

Պարզապես այն գործընթացը, որը նախաձեռնել է վարչապետը, հակասահմանադրական է, հակապետական է եւ հակազգային: Բայց, ցանկացած երեւույթ ուսումնասիրելիս, պետք է աչքի առաջ ունենալ վատթարագույն սցենարը: Առավելագույնը, ինչին կարող է հասնել Փաշինյանը, հետեւյալն է. հեղաշրջման արդյունքում կստեղծվի «ՀՀ եկեղեցի», որը փաստացի ենթակա կլինի Հայաստանի գործադիր իշխանությանը:

Մեր երկրի քաղաքացիների մի մասը այդ եկեղեցին կընդունի, մյուսը (այդ թվում՝ ես)՝ չի ընդունի: Ես եւ իմ պես մտածողները կցանկանանք հաճախել այն տաճարները, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում եւ ավանդական՝ 1700 – ամյա եկեղեցու մասն են: Իշխանությունը կարող է արգելել այդ տաճարները եւ հետապնդել «ոչ-փաշինյանական» հոգեւորականներին: Այնպես չէ, որ նման պառակտումներ եւ նման բռնաճնշումներ մեր պատմության մեջ չեն եղել:

Բայց այսօր այդպիսի բզկտված հասարակությամբ հնարավոր չի լինելու պահպանել Հայաստանի Հանրապետությունը: Մեր ունեցած բաժանումներին՝ ներկա-նախկին, ռուսամետներ-արեւմտամետներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ, ժողովրդասերներ-ժողովրդատյացներ կավելանա եւս մեկը՝ ավանդական եւ «փաշինյանական» եկեղեցու հետեւորդներ:

Ենթադրենք, քանակական առումով այդ բաժանումը կլինի մոտավորապես 50/50: Բայց Սփյուռքում, որտեղ ապրում է հայ հավատացյալների մեծ մասը, չեն ընդունի այդ «կոոպերատիվ եկեղեցին»՝ սփյուռքահայերի մեծ մասը, համենայնդեպս, դրա դեմ կընդվզի:

Այդպիսով, մեր ներքին պառակտման հետ մեկտեղ, կխորանա նաեւ Հայաստան-Սփյուռք անդունդը:

Հայ ժողովրդի պատմությանը դրանով, իհարկե, վերջակետ չի դրվի: Բայց հայկական պետականության մասին այս պարագայում ստիպված կլինենք մոռանալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նկարները ստեղծվել են 2018-ի իշխանափոխության ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով: