26/12/2025

Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ, ճիշտ է արդյոք Սաակաշվիլին

Երեկ անամպ երկնքում ամպրոպի նման պայթեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գրառումը, թե Հայաստանը հաշտության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, և պատրաստվում է բացել սահմաններն ու դեսպանատները:

«Փաստ» օրաթերթը գրում է. Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մեկնել էր Թուրքիա, իսկ պաշտոնական հաղորդագրությունը սահմանափակվել էր հերթապահ ձևակերպումներով, բնական էր, որ հանրության մեջ տարակուսանք էր առաջացել, թե ի՞նչ է հերթական անգամ ժողովրդի թիկունքում պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը, և արդյո՞ք այս օրերին երկրում կատարվողը հենց դրա հետևանքը չէ:

Ու մինչ այս անորոշությունը կախված էր օդում, եղավ մեկ այլ ուշագրավ հաղորդագրություն, այս անգամ՝ պաշտոնական: Ստամբուլում հանդիպել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններ: Սա իր հերթին ուշագրավ է ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու քպական փորձերի և Թուրքիայի՝ ՀԱԷԿ-ը փակելու հետևողական պահանջների ֆոնին: