Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ծավալուն հարցազրույց է տվել NTV մասնավոր հեռուստաընկերությանը, որի գլխավոր թեզերը փոխանցում է «Անադոլուն»:
Ֆիդանն առաջին տեղում դիտարկել է Սիրիայի միասնության համար Թուրքիայի պայքարը: Նա վերստին Իսրայելին մեղադրել է արաբական հանրապետությունում «անջատողականություն հովանավորելու և այդ ճանապարհով նրա ամբողջականությունը մասնատելու մտադրության» մեջ:
Ֆիդանը բավական կոշտ ձևակերպել է, որ Թուրքիան «բավարար աջակցություն կցուցաբերի, որպեսզի Սիրիայի տարածքային, քաղաքական և ազգային միասնությունը չխաթարվի»:
Երկրորդ առաջնահերթություն Ֆիդանը սահմանել է Գազայի խնդիրը և ձևակերպել, որ միջազգային հանրությունը, բացառությամբ Միացյալ Նահանգների, չի աջակցում Նաթանյահուի կառավարության «սիոնիստական ձգտումներին»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բացառել է Հորդանանի արևմտյան ափի տարածքների իսրայելական անեքսիան: «Աշխարհը Պաղեստինը ճանաչում է 1967 թվականի սահմաններով, և դու (նկատի ունի Իսրայելի վարչապետ Նաթանյահուին) չես կարող մերժել «երկու ազգ՝ երկու պետություն» սկզբունքը»:
Թուրքիայի համար արտաքին քաղաքական երրորդ առաջնահերթություն Ֆիդանը ներկայացրել է ուկրաինական կարգավորման միջնորդությունը: Ստամբուլում կայացած բանակցությունների վերջին փուլը նա զգուշավոր լավատեսությամբ է գնահատել՝ արձանագրելով կողմերի դիրքորոշումներում «որոշ փոխզիջումային տեսակետ»:
Չորրորդ տեղում Ֆիդանը դիտարկել է Եվրամիության հետ հարաբերությունները, կարեւորել մաքսային նոր կարգավորումների անհրաժեշտությունը: Թուրքիայի արտգործնախարարը հատկապես ընդգծել է եվրոպական չորրորդ-հինգերորդ սերնդի կործանիչների ձեռքբերման հարցով բանակցություններում զգալի առաջընթացը:
Այնուհետև նա մեկնաբանել է այդ օրերին Ստամբուլում ընթացող՝ Իրան-եվրոպական «եռյակ» բանակցությունները: Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ դրանց «կարող են հաջորդել իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցություններ»:
Ինչ վերաբերում է Իրանի շուրջ նոր էսկալացիային, ինչի հավանականությունը չի հերքել նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, ապա Ֆիդանի գնահատմամբ՝ «Իրանը նախահարձակ գործողությունների չի դիմի, բայց հարձակման ենթարկվելու դեպքում պատասխան հարվածներ կհասցնի»:
Ի վերջո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն առաջնահերթություն է դիտարկել Բալկաններում կայունությունը, որտեղ կան Թուրքիայի նման Եվրամիության անդամակցությանը սպասող երկրներ: «Այդ երկրներն ընդհանուր խնդիրներ ունեն, որ շոշափում են նաև Թուրքիայի շահերը, բայց մենք բոլորս ունենք մեծ գործընկեր՝ Եվրամիությունը»:
Ֆիդանի մեկնաբանությունից հասկացվում է, որ Թուրքիան մտադիր է Ստամբուլում կազմակերպել Բալկանյան երկրներ – Եվրամիություն խորհրդաժողով:
Սյունիքում հաղորդուղիների հարցով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի աղմկոտ հայտարարության, արևմտյան որոշ լրատվամիջոցներում հրապարակումների, դրանց վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական և փորձագիտական շրջանակների տարաբնույթ, հաճախ իրարամերժ մեկնաբանությունների ֆոնին արտառոց է, որ այդ թեմայով Ֆիդանը ոչ մի դիտարկում չի արել:
Կարելի է, իհարկե, ասել, որ «չեն հարցրել, չի պատասխանել»: Այո, բայց ինչու՞ չեն հարցրել, «թուրանական միջանցքը» Թուրքիայի հանրության համար երկրորդական նշանակություն ունի՞, թե Անկարան դեռևս այդ նախագծի իրականացման հավանականությունը շատ ցա՞ծր է գնահատում:
Իսկ, գուցե, իրոք «Մեղրիի անցուղին» Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ և ածանցվում է վերը թվարկածների՞ց: Այսինքն, պայմանավորված է նրանով, թե նշված ուղղություններով ինչ հաջողության կամ աշխարհաքաղաքական դերակատարների հետ բաց և փակ պայմանավորվածությունների կգա Թուրքիա՞ն:
Բաց մի թողեք
Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը. Պուտինը կամուկացի մեջ է
Ռուսաստանի միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ». Պատրուշև
Մեսրոպյանի որոշումը հայաստանյան սպառողներին փրկեց մութ ու ցուրտ տարիների վերադարձի սպառնալիքից