Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ եկող շաբաթ կկայանա ռուս-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: «Այն կգումարվի Մոսկվայում»,- ընդգծել է Օվերչուկը:
Օվերչուկը, որ Հարավային Կովկասում հաղորդուղիների ապաշրջափակման ռուս-հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի համակարգողն է, Ադրբեջան պետք է այցելեր հուլիսի սկզբներին, բայց Բաքուն «ոչ նպատակահարմար» է դիտել ոչ միայն նրա, այլև ՌԴ որևէ այլ պաշտոնյայի Բաքու այցը:
Ֆորմալ պատճառաբանությունը Եկատերինբուրգում մի խումբ ադրբեջանցիների ձերբակալությունը և այդ ընթացքում երկու անձի «սպանությունն էր»:
Իրական պատճառը, ըստ երևույթին, Վաշինգտոնի եռակողմ հանդիպումն էր, որի արդյունքներով նախաստորագրվել է հայ-ադրբեջանական համաձայնագիր և եռակողմ քաղաքական հայտարարություն, որտեղ գլխավորը Սյունիքում հաղորդակցությունների վերաբացման շուրջ կողմերի նախնական համաձայնությունն է:
Գործնականում ինչպե՞ս է իրականացվելու «Թրամփի կամուրջ» նախագիծը, ոչինչ դեռևս ոչ միայն հստակ, այլև անգամ լիովին կանխատեսելի չէ:
Անոնսավորելով Մոսկվայում ռուս-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, Օվերչուկը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանը հաղորդուղիների գործարկման հարցում Ռուսաստանը «պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դա նրա համար լավ է»:
Նա նաև հավելել է, որ Մոսկվան «ամենամոտ ապագայում սպասում է» վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփ-Պուտին բանակցությունները փաստացի ընդհատվել են, չեղյալ է հայտարարվել համատեղ մամուլի ասուլիսը, ինչպես նաև՝ աշխատանքային նախաճաշը:
Կարելի է վստահաբար եզրակացնել, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն Ուկրաինայի հարցում թեև հասել են «ըմբռնման», բայց վերջնական համաձայնությունը դեռ շատ հեռու է:
Ուստի նրանք հազիվ թե անդրադարձած լինել այլ, այդ թվում՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս քվոյի հարցերին:
Բաքվի ոչ պաշտոնական, ոչ լրագրողական աղբյուրները դեռևս վստահաբար չեն հաստատել եկող շաբաթ Մոսկվայում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարումը, բայց Թրամփ-Պուտին գագաթաժողովից հետո, երբ արևմտյան գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցներն արձանագրում են Վլադիմիր Պուտինի «տպավորիչ հաջողությունը», Իլհամ Ալիևը հազիվ թե իրեն թույլ տա ևս մեկ կոպիտ դեմարշ անել Ռուսաստանի նախագահի հասցեին:
Հայաստանի համար բավական երկիմաստ դրություն է: Ալյասկայի ռուս-ամերիկյան գագաթնաժողովից ընդհանուր տպավորություն է, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահին և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների ներկայացրել է բանակցությունների արդյունք «ըմբռնումը», բայց այն կտրվածքով, որ եթե Կիևը չընդունի «կարգավորման սկզբունքները», ապա Միացյալ Նահանգները «կդադարեցնի միջնորդությունը»:
Ըստ էության՝ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման արտաքին դերակատարներից Եվրամիությունը «մնում է փակագծերից դուրս»: Գործընթացի հաջողությունն, ընդհակառակը, պայմանավորված է լինելու ռուս-ամերիկյան «կոնսենսուսով», որին պետք է «համակերպվեն» Թուրքիան և Իրանը:
Ըստ այդմ, գետնի վրա զարգացումների կանխատեսումներից, ամենայն հավանականությամբ, պետք է բացառել «Թրամփն ասել է, Թրամփը կանի» մտայնությունը: Ալիևի «մոսկովյան շրջադարձը» բավական ակնառու ազդակ է:
Բաց մի թողեք
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը
Վաշինգտոնում «սազանդարների գովերգած հերոսը» ոչ մի հաղթանակ ձեռք չի բերել