Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու՝ Վաշինգտոն այցին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի գրառումներ է արել սոցիալական ցանցի իր էջում։ Դրանցից տեղեկանում ենք, որ Զելենսկուց բացի ԱՄՆ են մեկնելու ԵՄ անդամ երկրների ղեկավարներ։
«Վաղը մեծ օր է Սպիտակ տանը։ Երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել նրանց»,-գրել է նա։ Նախորդող գրառմամբ, Թրամփը նշել է՝ Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ուզենա. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ էլ նա կարող է շարունակել պատերազմը։
Հիշեք, թե ինչպես սկսեց այս ամենը։ Օբամայի տված Ղրիմի վերադարձ (12 տարի առաջ առանց մեկ կրակոցի!) չի լինի և չի լինի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Որոշ բաներ երբեք չեն փոխվում»։
Սպիտակ տան տեղեկացմամբ, Թրամփ-Զելենսկի հանդիպումը տեղի կունենա այսօր երևանյան ժամանակով ժամը 21:15-ին։ Նախատեսված է, որ մեկ ժամ անց կավարտվի, իսկ ժամը 23:00-ին կմեկնարկի ԱՄՆ նախագահի և եվրոպական առաջնորդների հանդիպումը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրան կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները։
Telegram-ի հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և հայտարարել պատերազմը հնարավորինս արագ ավարտելու ցանկության մասին: Նրա խոսքով ՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստան։
«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է երկարատև լինի: Ոչ այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա օգտագործեց պարզապես որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ 1994-ին Ուկրաինային տվեցին իբր «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը պետք է ավարտի այդ պատերազմը, որն ինքն էլ սկսել է։ «Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի, մեր եվրոպացի բարեկամների հետ մեր համատեղ ուժը Ռուսաստանին կպարտադրի իրական խաղաղություն։ Շնորհակալություն!»,- հավելել է Ուկրաինայի առաջնորդը։

Բաց մի թողեք
Եվրահանձնաժողովը մտադիր է հաստատել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ
Նրանք ուզում են շեղել ուշադրությունը նախագահ Թրամփից․ Քլինթոնը՝ Էպշտեյնի գործի մասին
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել