18/08/2025

Իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներո՞վ

Համերգների և դրանց մասնակիցների դեմ որևէ բան չունեմ։ 

Մշակույթն ու երաժշտությունը միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։

Սակայն այն պահից, երբ իշխանությունը փորձում է համերգների հանդիսատեսի թվերը ներկայացնել որպես «կյանքի և խաղաղության ցնծություն», դա դառնում է ոչ թե մշակութային իրադարձություն, այլ վուլգար մատերիալիզմի և էժանագին քարոզչության դրսևորում։

Նախ, Հայաստանում մեծ համերգներ միշտ էլ տեղի են ունեցել․ դրանք աննախադեպ չեն և չեն կարող ներկայացվել որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ։

Երկրորդ, որևէ համերգ չի կարող ծառայել որպես կոմպենսացիա ազգային ողբերգության և նվաստացման համար։ Ժողովուրդը չի սահմանափակվում հանդիսատեսի դերով․ նա ունի արժանապատվության, անվտանգության և պետականության պահանջ։

Երրորդ, մշակութային միջոցառումները որևէ կապ չունեն իշխանության քաղաքականության հետ․ փորձել դրանք ներկայացնել որպես «պետական ձեռքբերում»՝ մանիպուլյացիա է, որն արժեզրկում է իրական արժեքները։

Ավելին, «տժժալը» չի կարող վերածվել ազգային գաղափարախոսության։

Հայաստանի ուժը չափվում է ոչ թե բարձրախոսների աղմուկով կամ ամբոխի թվերով, այլ՝ ժողովրդի պատմական հիշողությամբ, արժանապատվությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։

Եվ ամենացավալին այն է, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ․ այն տղաների, ովքեր նահատակվեցին և այսօր հանգչում են Եռաբլուրում։ Նրանց կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով։

Եթե իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներով, ապա ո՞վ է պատասխան տալու կորցրած հողերի, խաթարված ինքնիշխանության և նվաստացած արժանապատվության համար։

Սուրեն Սուրենյանց