19/10/2025

Տաք օդային հոսանքներ են ներթափանցելու, ջերմաստիճանը 6 աստիճանով կբարձրանա․ Գագիկ Սուրենյան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքներն առաջիկա 5-6 օրերին չեն նահանջի:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Եթե անցյալ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալի նվազել էր, բայց այսօրվանից սկսած մեր երկիր հարավից ներթափանցելու են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք առաջիկա 5-6 օրերին չեն նահանջելու:Այսպիսով՝ օգոստոսի 18-19-ն ընկած հատվածում Լոռիում, Տավուշում և Սյունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս մարզերում, նաև Երևանում՝ 4-6 աստիճանով»,-տեղեկացնում է Սուրենյանը:

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանի ցածրադիր գոտին, որտեղ ցերեկային ժամերին սպասվում է 35-39 աստիճան տաքություն:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ նաև Երևանում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Օգոստոսի 18-ին և 19-ին հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ 

ՇՄՆ-ից հորդորում են 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։