19/08/2025

Օդեսայում Socar-ի նավթաբազայի ոչնչացումից հետո Իլհամ Ալիևը Մոսկվա կառավարական պատվիրակություն կգործուղի

Օգոստոսի լույս 18- ի գիշերը Ռուսաստանը թիրախային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզում ադրբեջանական Socar պետական նավթագազային ընկերության նավթաբազային:

Այդ մասին հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածաշրջանային վարչությանը:

Ըստ այդմ, նավթաբազայի բոլոր տասնյոթ պահեստարանները, մղիչ կայանը և օեպարատորական մասնաշենքը վնասվել են: Նավթաբազի տարողունակությունը կազմում է տասնվեց հազար խորանարդ մետր:

Պաշտոնական հաղորդագրությամբ ասվում է, որ «պատճառված վնասի չափերը ճշտվում են, ընթանում են վերականգնողական աշխատանքներ»: Հարուցվել է քրեական գործ՝ «ռազմական հանցագործություն» հոդվածով:

Այդ նավթաբազան առաջին անգամ հարձակման է ենթարկվել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ հայ-ադրբեջանական գագաթաժողովի օրը: Երկրորդ և ավելի խոշոր հարվածն իրականացվել է Սպիտակ տանը Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպմանն ընդառաջ և, ամենայն հավանականությամբ, ունի նաև խորհրդանշական իմաստ:

Ադրբեջանն, իհարկե, ուկրաինական կարգավորման գործընթացում դերակատար չէ, բայց Կիևի և Բաքվի միջև վերջին երկու ամիսներին քաղաքական շփումները որակական նոր մակարդակի են ձգտում:

Միևնույն ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրով պարտավորված է էներգետիկ ծրագրերը համաձայնացնել, ինչից Իլհամ Ալիևը փորձում է թոթափվել:

Ուշագրավ է, որ Օդեսայի մարզում Socar-ի նավթաբազան գրոհի է ենթարկվել, երբ, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, այս շաբաթ Մոսկվայում պետք է կայանա ռուս-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Ըստ երևույթին, այդ գործողություններով Մոսկվան Բաքվին ազդակ է հղում, որ տնտեսական կապերի «դիվերսիֆիկացիան» կարող է թանկ արժենալ:

Իրավիճակի նրբությունը, գուցե, նրանում է, որ Իլհամ Ալիևը չի հաշվարկել Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովի արդյունքները և հայտնվել է բավական երկիմաստ վիճակում: Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը նրա համար նաև անձնական նշանակություն ունի:

Օդեսայի մարզը, նավահանգիստը և ենթակառուցվածքներն անցած ավելի քան երեք տարիներին Ռուսաստանի կողմից բազմիցս հարձակման են ենթարկվել, բայց ադրբեջանական նավթաբազան տուժում է երկրորդ անգամ, ընդ որում՝ տասնօրյա ընդմիջումով, որ առերևույթ առնչվում է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացներին:

Ալյասկայում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները Հարավային Կովկասի հարցերին անդրադարձե՞լ են, թե՞ ժամանակը չի հերիքել: Փորձագետները ենթադրում են, որ Անքորիջում դրվել է «Յալթա-2» պայմանավորվածությունների «հասնելու հիմքը»:

Որքանո՞վ է հավանական այդ սցենարը, երբ Եվրոպան փաստացի դուրս է մնում ապագա աշխարհակարգի նույնիսկ ընդհանուր ուրվագծերը համաձայնեցնելու քննարկումներից: Ի՞նչ «գործարք» է հնարավոր ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջեւ Հարավային Կովկասում:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս առումով էական նշանակություն ունեն: Հավանաբար, որևէ եզրակացության համար պետք է սպասել այս շաբաթ կայանալիք ռուս-ադրբեջանական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին:

Եթե, իհարկե, Օդեսայում Socar-ի նավթաբազայի ոչնչացումից հետո Իլհամ Ալիևը Մոսկվա կառավարական պատվիրակություն կգործուղի: