10/09/2025

Իսլամական հանրապետության «դիլեման» չպետք է Հայաստանի համար մարտահրավեր դառնա

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մուսավիի հետ:

Այդ մասին իրանական Irna գործակալության տարածած տեղեկատվության մեջ ասվում է, որ Մուսավին «արտատարածաշրջանային տերությունների, ներառյալ՝ ԱՄՆ-ի, ներկայությունը տարածաշրջանում անհանգստություն հարուցող գործոն է»:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպումներ է ունեցել իր պաշտոնակցի, արտաքին գործերի նախարարի, նախագահի և Գերագույն հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականի հետ, մեկ շաբաթ առաջ Իրանի նախագահ Փեզեշքիանն այցելել է Երևան:

Դիվանագիտական այս «մաարթոնից» հետո, թվում է, Թեհրանի բոլոր անհանգստությունները պետք է փարատված լինեին: Մանավանդ որ Արմեն Գրիգորյանի այցին զուգահեռ՝ կառավարությունը հրապարակել է ԱՄՆ հետ ստորագրած երեք հուշագրերը:

Իսլամական հանրապետությունը չափազանց բարդ շրջափուլ է ապրում: Մի խումբ նախկին քաղաքական գործիչներ Գերագույն հոգևոր առաջնորդին «բաց նամակ» են հղել և հորդորել, որ ընտրի դիվանագիտական կարգավորման ճանապարհը:

Հաղորդվում է, որ, ի պատասխան «ռեֆորմատորների»՝ Իրանի խորհրդարանը հանդես է եկել «Միջուկային զենքի չտարածման» մասին պայմանագրից դուրս գալու անհրաժեշտության հայտարարությամբ:

Ո՞րն է Հայաստան-Իրան հարաբերությունների «հանգույցը»: Ավելի շատ Իրա՞նն ունի «չփարատված կասկածներ», թե՞ բարդ է Հայաստանի համար, քանի որ իրանական վերնախավում, կարծես, «երկիշխանություն է»:

Փարիզի «Ամերիկյան տնտեսական դպրոցի» պրոֆեսոր Հասան Մանսուրը Բաքվի իշխանամերձ մամուլին հարցազրույցում ասել է, որ չնայած Փեզեշքիանի կառավարության «պրագմատիզմին, պետք է հաշվի առնել, որ ռեալ իշխանությունը դեռևս գտնվում է Գերագույն հոգևոր առաջնորդի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ձեռքում»:

Վտարանդի տնտեսագետն ընդհանուր առմամբ համոզված է, որ կամ Իրանի իշխանությունները կընտրեն ԱՄՆ հետ բանակցությունները, կամ «երկրին սպառնում է քաղաքական անկանխատեսելի հետևանքներով հղի տնտեսական կոլապս»:

Որքան էլ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են, Իսլամական հանրապետության «դիլեման» չպետք է Հայաստանի համար մարտահրավեր դառնա: