08/09/2025

Բիզնեսմեն Թրամփը սպառնացել է ԵՄ-ին պատասխան միջոցներով` Google-ին տուգանելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի կողմից ամերիկյան Google ընկերությանը 2.95 միլիարդ եվրո տուգանելն անվանել է «անարդար» և սպառնացել է Եվրամիությանը պատասխան միջոցներով։

«ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի այս գործելակերպը ամերիկյան ընկերությունների դեմ», – գրել է նա իր «Truth Social» սոցցանցում՝ Google-ից բացի հիշատակելով նաև Apple-ին, որը նույնպես բազմիցս տուգանվել է ԵՄ կարգավորող մարմինների կողմից։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը սպառնում է ԱՄՆ աշխատատեղերին և ներդրումներին ամերիկյան ընկերությունների նկատմամբ իր «խտրական գործողություններով»։

Եթե տուգանքները մնան ուժի մեջ, Թրամփը խոստացել է սկսել 301-րդ հոդվածի համաձայն ընթացակարգը, որը նախատեսում է պատասխան միջոցներ այլ երկրների առևտրային քաղաքականության դեմ։

***

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է ամերիկյան Google կորպորացիային 2.95 միլիարդ եվրո տուգանելու մասին՝ առցանց գովազդի ոլորտում մրցակցային կանոնները խախտելու համար։

Բրյուսելի տվյալներով՝ ընկերությունը տարիներ շարունակ՝ 2014 թվականից ի վեր, իր ծառայություններն օգտագործել է ի վնաս մրցակիցների, ինչը Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 102-րդ հոդվածի խախտում է։

Հետաքննությունը պարզել է, որ Google-ը առավելություն է տվել իր սեփական արտադրանքին՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով։

Եվրահանձնաժողովը նաև նշել է կորպորացիայի բիզնես մոդելում շահերի բախման մասին. Google-ը միաժամանակ տեղադրում է գովազդներ, միջնորդ է հանդես գալիս գովազդատուների և առցանց հարթակների սեփականատերերի միջև, նաև կառավարում է իր սեփական գովազդային շուկան։

Բրյուսելը պահանջել է, որ ընկերությունը դադարեցնի ինքնասպասարկման պրակտիկան։