«ԱՆԻՖ-ն ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել»:
Այս մասին իր ասուլիսում անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործունեությանը և հայտնի սկանդալին՝ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել:
«Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծված դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը: Ես ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1,5 տարի առաջ հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով, և այն ինֆորմացիան, որ ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին»,- նշել է նա։
Քաղաքապետը հիշեցրել է, որ ինքը ԱՆԻՖ-ում խորհրդի նախագահ է եղել, իսկ քննվող գործը խորհրդի նախագահի լիազորությունների և գործունեության հետ ուղիղ կապ չունի:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել և բարձրաձայնել ԱՆԻՖ ընկերության համագործակցությունը «Օրբիս» ընկերության հետ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է։
«Այս համագործակցությունից Հայաստանում ստեղծվում է նոր ընկերություն, որի նպատակն էր պատրաստել «Օրբիսի» ծրագրով կիբեռանվտանգության մասնագետների, որոնք պետք է իրենց ծառայությունները մատուցեին պետական և մասնավոր ընկերությունների։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ բացահայտ էր, որ կիբեռանվտանգության վտանգների և սպառնալիքների առջև Հայաստանի Հանրապետությունը այդքան էլ ամուր կանգնած չէ։
Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Մեր գործընկերներից մեկը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը պարբերաբար խոսում էր ԱՆԻՖ-ի անարդյունավետությունից, վատ կառավարումից, երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, քաղաքապետարանում փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսների մեջ եմ, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն:
Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ՝ իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում են մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը։ Առհասարակ որևէ բան կառուցելը մեծ ջանք, եռանդ, ժամանակ, ռեսուրս, նյարդ է պահանջում, իսկ քանդելը կարող է մեկ օր, մեկ ժամ, քսան րոպե տևել»։
«2025 թվականին մենք հանձնել ենք ամբողջապես հիմնանորոգված երեք առողջապահական կենտրոն՝ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղն է, երկու խոշոր առողջապահական կենտրոններ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչարի փողոցում, և Ավան վարչական շրջանում»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,- «Նախատեսում ենք հիմնանորոգել 6 պոլիկլինիկա: Այս պահին ընթանում են Նորք-Մարաշում գտնվող առողջության կենտրոնի հիմնանորոգման վերջնական աշխատանքները: Անգլիացի գործընկերների հետ քննարկում են մեծ բազմապրոֆիլ ԲԿ-ի կառուցման հարցը»:
Տիգրան Ավինյանն անդրադարձել է շտապօգնության ծառայությանը. «Շտապբուժօգնության ծառայությունը շատ ծանր ֆինանսական վիճակից՝ մոտավորապես 3 տարի առաջ 140 մլն դրամ վնասից, մենք այս պահի դրությամբ հասցրել ենք իրականացնել առողջացման ծրագիր և գրեթե ամեն տարի կարողանում ենք գնել ավտոմեքենաներ․ այս տարի շտապբուժօգնության ծառայությունը 7 նոր մեքենայով է համալրվելու: Մեր 100 տոկոսից էականորեն պակաս զանգերի սպասարկման թիվը, որ ժամանակին՝ 3 տարի առաջ, շատ տարօրինակ էր, հասցրել ենք 100 տոկոսի։ Չկա մարդ, որը զանգում է շտապբուժօգնություն, և այն իրեն հասանելի չէ»:
«Հանրակրթության ոլորտում 33 մանկապարտեզում իրականացրել ենք պիլոտային տեսախցիկների տեղադրում՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն: Այս պիլոտի իրականացումից հետո երևի ընդլայնելու ենք ծրագիրը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «30 մանկապարտեզում գործարկվելու են ռոբոտաշինության խմբակները, որոնք փորձարկվել էին մի քանի մանկապարտեզում և դրական արդյունքներ էին տվել: 11 դպրոցում ստեղծել ենք նախակրթարաններ և դրանց ընդհանուր թիվը հասցրել ենք 31-ի: Այս տարի հանձնված 7 մանկապարտեզ ապահովել ենք նոր գույքով և կենցաղային տեխնիկայով»:
Սպորտի ոլորտում մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել. հունվարից մինչև սեպտեմբեր ունեցել ենք 9 միջազգային մրցաշար, 3 քաղաքային առաջնություն և 5 զանգվածային միջոցառում,- ասել է Տիգրան Ավինյանը. «Մեր նախաձեռնությամբ անցկացվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոն՝ շուրջ 170 մարզիկի մասնակցությամբ»,- հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենին զուգահեռ ձեռք է բերվել միջազգային չափորոշիչներին համապատասխան 40 անուն մարզական գույք, հատկացվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզական կազմակերպություններին:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է քաղաքում իրականացված և սպասվող ծրագրերը առողջապահության ու բնապահպանության ոլորտներում։
2025 թվականին արդեն ամբողջությամբ վերանորոգվել են երեք բուժհաստատություններ․ Բաղրամյան առողջության կենտրոնի Կիլիկիայի մասնաճյուղը, ինչպես նաև Արաբկիրի և Ավանի պոլիկլինիկաները։ Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում հիմնանորոգել ևս վեց պոլիկլինիկա։
Շտապօգնության ծառայությունում ևս զգալի փոփոխություններ են եղել։ Ավինյանի խոսքով՝ երեք տարի առաջ արձանագրված վնասներից հետո ծառայությունը կարողացել է կայունացման ծրագրեր իրականացնել։ Այսօր արդեն ամեն տարի ձեռք են բերվում նոր մեքենաներ․ 2025-ին սպասվում է յոթ նոր ավտոմեքենայի համալրում։ Քաղաքապետը վստահեցրել է, որ շտապօգնությունը բոլոր քաղաքացիների համար հասանելի է։
Ավինյանը խոսել է նաև բնապահպանական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության ամենամեծ ռիսկերը նկատվում են ձմռանը։ Չնայած ամռանը հաճախ բարձր է փոշու մակարդակը, սակայն քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված 160 չափիչ սարքերը ցույց են տալիս, որ հիմնական դժվարությունները առաջանում են հատկապես սառն ամիսներին։
Խնդիրը մեղմելու համար մշակվել է քառամյա ծրագիր։ Այն ներառում է հանքարդյունաբերության և շինարարության նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ, նոր շենքերի մոտ հատուկ ծառատեսակների տնկում, Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում 8,5 հեկտար անտառի ստեղծում։ Բացի այդ, նախատեսվում է Դալմայի այգիների համար տեխնիկական փաստաթղթերի մշակում և Հրազդանի կոլեկտորի կառուցում։
Շարունակելի ․․․






Բաց մի թողեք
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով