17/09/2025

Կասեցվել է «Մոյա Սեմյա» ապրանքանիշի նրբերշիկի տեսակներից մեկի արտադրությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության:

Փորձաքննությամբ պարզվել է, որ «Մոյա Սեմյա» ապրանքանիշի «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը (արտադրված 30․06․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25օր) չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր:

«Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով ամրագրված նորմերին, տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր»,– ասված է հաղորդագրության մեջ։