16/09/2025

Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»

Դոհայում ընթանում է Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտակարգ գագաթնաժողով, որ գումարվել է Կատարի և Թուրքիայի համատեղ նախաձեռնությամբ:

Օրակարգում Դոհայի դեմ Իսրայելի օդուժի հարձակումից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և «սիոնիստական նվաճողականությանը հակազդելու քայլերի մշակման» հարցն է:

Թուրքական Turkiye իշխանամետ պարբերականը գագաթաժողովի բացման ելույթներից ընդարձակ մեջբերումներ է փոխանցել: «Մենք գիտենք, որ Իսրայելը մոտ ժամանակներս կանգ չի առնելու, եթե վճռական պատասխանի չբախվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը և խոստացել արաբական երկրների հետ կիսվել «տաղանդով, փորձով և իրական միջոցներով»:

Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»:

Կատարի էմիր ալ-Թանին սահմանել է, որ Իսրայելը «վտանգավոր երևակայություն ունի, որ կարող է արաբական երկրները վերցնել իր ազդեցության տակ»: Դոհայի օդային հարձակումը նրա կարծիքով Կատարի «խախտում է Կատարի ինքնիշխանությունը և չի կարող մնալ անպատասխան»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահ աս-Սիսին «անթույլատրելի» է համարել Գազայի բնակչության «որևէ ձևով տարհանման ցանկացած փորձ: Նա Պաղեստինի անկախությունը չճանաչած երկրներին կոչ է արել ճանաչել «պաղեստինցիների պետություն ունենալու իրավունքը»: Եգիպտոսի նախագահը լիակատար համերաշխություն է հայտնել Կատարին:

Ավելի կոշտ և բոլոր առումներով անսպասելի հայտարարություն է արել Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորը: Նա արաբա-իսլամական աշխարհի բոլոր երկրներին հորդորել է Իսրայելի նկատմամբ քաղաքական հայտարարություններից անցնել գործնական քայլերի, քանի որ «միայն այդ դեպքում է հնարավոր կանխել Գազայի և Արևմտյան ափի իսրայելական բռնազավթումը»:

Գազայում պատերազմի բռնկումից ի վեր Արաբական լիգայի և ԻՀԿ անդամ պետությունները գումարում են արդեն երրորդ գագաթնաժողովը, բայց Իսրայելի դեմ այդպես էլ գործնական որևէ քայլ չեն ձեռնարկում:

Տարածաշրջանի արաբական երկրները, մանավանդ Պարսից ծոցի միապետությունները, ինչպես նաև Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցներն են: Այդ հանգամանքը չափազանց մեծ ազդեցություն ունի նրանց որոշումների վրա: Դոհայի արաբա-իսլամական գագաթաժողովը հազիվ թե Իսրայելի դեմ ռազմական ուժ կիրառելու որոշում ընդունի: Բարդ է նաև տնտեսական պատժամիջոցներ սահմանելու խնդիրը:

Ըստ երևույթին, կընդունվի «սիոնիստական զավթողականությունը» դատապարտող և Իսրայելի հետ տնտեսական կապերը սահմանափակելու մասին ևս մեկ քաղաքական հայտարարություն: Չափազանց խորհրդանշական է, որ Իլհամ Ալիևը Դոհայի գագաթաժողովին չի մասնակցել: