31/12/2025

Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ «սալյարկայի գործը» նորից դատարանում է` իմպիչմենթի ֆոնին

ՀՀ գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար, հանգուցյալ Սերգո Կարապետյանի, ինչպես նաև «Ֆլեշի Բարսեղի»՝ Բարսեղ Բեգլարյանի, պետական նախկին երկու պաշտոնատար անձանց՝ Սամվել Գալստյանի, Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։

«Դատալեքս» հարթակում տեղադրված մեղադրական եզրակացություններից տեղեկանում ենք, որ մասնավորապես Սերգո Կարապետյանը մեղադրվում է «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2013թ. հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Մյուս ամբաստանյալին՝ Բարսեղ Բեգլարյանին, առաջադրված մեղադրանքից էլ տեղեկանում ենք, որ նա, որպես «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ. հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ. Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։ Մյուս երկու ամբաստանյալներին՝ Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել հափշտակություն կատարելուն օժանդակելու համար։

Հիշեցնենք՝ դատարանը 2024 թ. մայիսին արդարացրեց նախկին նախագահին և մյուս մեղադրյալներին՝ հերքելով դատախազության մեղադրանքը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր երրորդ նախագահի և մյուսների արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Դատախազության բողոքը, բեկանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության։