Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ԱԳՆ նոր համալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը և Իսրայելի հասցեին մի շարք աննախադեպ կոշտ հայտարարություններ արել:
Ի մասնավորի, նա ասել է, որ հասկանում է «Հիտլերի նմանների տվայտանքները, բայց Թուրքիան երբեք ոչ ոքի թույլ չի տա կեղտոտ ձեռքերով պղծել Երուսաղեմի սրբությունը»:
Ոչ ոք չի կարող խանգարել, որ Թուրքիան պաշտպանի Գազայի հալածյալ ժողովրդին, որ Իսրայելի անմարդկային հարձակումների դեմ գոյության համար պայքար է մղում, ասել է Էրդողանը և հավելել. «Նրանք, ովքեր կարծում են, թե կորող են անվտանգ ապագա կառուցել հալածանքի, ցեղասպանության և անմեղ երեխաների արյան գնով, խեղդվելու են իրենց թափած արյան մեջ»:
Առանձնահատուկ հնչեղություն ունի, սակայն, Էրդողանի ելույթի ամփոփիչ ձևակերպումը. «Թող նրանք այսուհետև էլ զայրույթի տագնապներ ապրեն: Մենք՝ մուսուլմաններս, ոչ մի ետքայլ չենք անելու՝ Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքը պաշտպանելիս»:
Թուրքիայի նախագահը երկու օր առաջ Դոհայում մասնակցել է արաբա-իսլամական արտակարգ գագաթաժողովի, որի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի նախագահի, Կատարի էմիրի, Իրաքի և Պակիստանի վարչապետների հետ:
Reuters-ի տեղեկություններով, քննարկվել է «իսլամական հատուկ նշանակության զորախումբ ստեղծելու և Գազայում հսկողությունն ու Արևմտյան ափի պաղեստինցի բնակչության անվտանգության ապահովումը նրան վերապահելու հարցը»: Ի դեպ, սեպտեմբերի 17-ին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «տարածաշրջանում կարող է գործել՝ առանց ուրիշների սպասելու»:
Էրդողանի այս կեցվածքն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ԱՄՆ պետքարտուղարի Երուսաղեմ այցից հետո Գազայում իսրայելական բանակի հատուկ գործողության մեկնարկով: Փաստացի Վաշինգտոնը Նաթանյահուին արտոնել է «մինչև վերջ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին»:
Իսրայելի վարչապետն իր հերթին մամուլի ասուլիս է հրավիրել և պարզորոշ հասկացրել, որ ոչ միայն անկախ Պաղեստին, այլև ներկայիս կառուցվածքով «պաղեստիյան ազգային ինքնավարություն չի լինելու»:
Այս համատեքստում, երբ Թուրքիան և Միացյալ Նահանգները Պաղեստինի հարցում տարբեր ճամբարներում են, բավական խորհրդանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցային գրառումով վերստին հիշեցրել է Վաշինգտոնի հայ-ադրբեջանական համաձայնությունները և Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին անվանել իր «հավերժ բարեկամներ»:






Բաց մի թողեք
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստումը
Քաղաքական դաշինք` դե-ֆակտո ձևավորվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Ղազախստանի միջև
Ստեփանակերտի «ձկան լռությունը» երբ «պայթի», կամ՝ կպայթի արդյոք երբևէ