15/10/2025

Սանդուն՝ ուր, Ալիևն՝ ուր

Կոպենհագենում կայացել է Իլհամ Ալիևի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հանդիպումը, որ, երևում է, կազմակերպվել է ադրբեջանական կողմի խնդրանքով: Ալիևը ցանկություն է ունեցել անցած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի համար անձամբ շնորհավորել Մոլդովայի նախագահին:

Ադրբեջանը ֆորմալ առումով Մոլդովայի, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի հետ ՎՈՒԱՄ կառույցի անդամ է: Այն ստեղծվել է Եվրամիության գործուն աջակցությամբ՝ ի հակակշիռ Ռուսաստանի ազդեցության կամ ԱՊՀ գոտու:

Ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին 2022 թ. փետրվարի 22-ի հռչակագիրը փաստացի լուծարել է ՎՈՒԱՄ-ը:

Ալիևը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն «արտահայտել են Մոլդովայի ժողովրդի կամքը»,- ինչին ի պատասխան Մայա Սանդուն նրան «շնորհավորել է Միացյալ Նահանգների աջակցությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի վերաբերյալ ձեռք բերված արդյունքների կապակցությամբ»:

«Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի համար, ադրբեջանական պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ձեռք բերված արդյունքներն ունեն պատմական նշանակություն»,-փոխանցում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Մոլդովայի նախագահն, այսպիսով, Իլհամ Ալիևի շնորհավորանքների անկեղծությունը հասցեագրել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգին նրա հավատարմությանը և փաստացի հասկացրել, որ քաղաքակիրթ աշխարհին Ադրբեջանի ներգրավվածությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետի հետ պայմանավորվածություններին հավատարմությամբ:

Ալիևը, կարծես, ընդունել է այդ մոտեցումը: Կոպենհագենում կայացել է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի մասին, սակայն, ադրբեջանական կողմը դեռևս պաշտոնական տեղեկություն չի տարածել: