«Հայանտառ» ՊՈԱԿ-ն այս տարի նախատեսում է իր տնօրինության տակ գտնվող անտառներում աճող բանջարաբույսերի ու դեղաբույսերի վաճառք իրականացնել։ Նրանք համագործակցելով անտառամերձ բնակավայրերի բնակիչների հետ արդեն առաջին անգամ այս տարի հավաքել են մոտ 80 կգ։
Մինչև 2023 թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ինքնաֆինանսավորման հարցում արդեն երկրորդ տարին ավելացել է նաև մեղրի արտադրությունը։ ՊՈԱԿ-ը Կապան, Վայոց Ձոր, Արագածոտնի մասնաճյուղերում 310 մեղվափեթակ ունի, իսկ արտադրանքը վաճառում է սուպերմարկետներում՝ ըստ բնակավայրերի անվանման և հղում կատարելով պետական կազմակերպություն լինելուն։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանը մանրամասնեց, որ 2026 թ. մեղվափեթակների թիվը նախատեսված է հասցնել 500-ի։ Նա նշեց, որ թեև անտառի բարիքները՝ բանջարաբույսերն ու դեղաբույսերն իրենք պատրաստվում են հավաքել ու վաճառել, այնուամենայնիվ՝ անտառամերձ բնակավայրերում ապրող բնակիչներն ազատ են անտառի բարիքներից ընտանիքների կարիքների համար օգտվելու հարցում. «Կա անտառօգտագործման կարգ. եթե քաղաքացին կամ տնտեսավարողը արտադրության նպատակով ցանկանում է անտառից բերքահավաք իրականացնել, պետք է մոտենա տվյալ անտառտնտեսության մասնաճյուղ, հայտ լրացնի ու տոմս ձեռք բերի, որի վրա նշվում է, թե քաղաքացին ինչ և ինչքան հավաքելու իրավունք ունի։ Իսկ սեփական կարիքների համար սահմանափակում չի սահմանված»։
Գարեգին Միրզոյանն ընդգծեց, որ ՊՈԱԿ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, բայց տեխնիկական վերազինման ու աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու հարցում ակնկալում է ձեռնարկատիրական գործունեությունից ֆինանսական որոշակի մուտքեր։
Գարեգին Միրզոյանի խոսքով՝ 550 հեկտարի անտառատնկումները կլինեն Լոռու և Սյունիքի մարզերում, իսկ բյուջեի ֆինանսավորմամբ անտառատնկումը կընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը՝ անտառտնտեսության բոլոր մասնաճյուղերը։ Գարեգին Միրզոյանն պատասխանելով հարցին, թե վերջին հինգ տարիներին «Հայանտառ»-ից վերցվող տարածքնե՞րն են մեծ թիվ կազմում, թե՞ ՊՈԱԿ-ի տնօրինությանը տրվող տարածքները, պատասխանեց. «Կառավարության որոշմամբ 342 000 հեկտար է եղել «Հայանտառ»-ի տնօրինման տակ գտնվող տարածքները, իսկ այս պահի դրությամբ, ճիշտ է, դեռևս ամբողջապես չփաստաթղթավորված, բայց ունենք տեղեկատվություն, որ 360 000-ից ավելի է, այսինքն՝ մոտ 20 000 հեկտար տարածքներ անտառկառավարման նոր պլանների կազմման հետ կապված անցնում են մեր տնօրինման տակ»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Աբրահամյանն էլ իր հերթին մասնավորեց, որ ներկայումս թրթուրավոր տրակտորի կարիք ունեն՝ հակահրդեհային ճանապարհներ բացելու, ծառատունկի տարածքներում հասանելիություն ապահովելու և հողային աշխատանքներ իրականացնելու համար. «Տարածքներ կան, որոնք մեծ թեքություններ ունեն, և մեր ունեցած տրակտորները չեն կարողանում աշխատել, իսկ թրթուրավոր տրակտորի առկայության դեպքում մեր ուժերով կանենք ու կծախսենք միայն վառելիքի գումարը»։
Այս տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը նախատեսում է 720 հեկտար անտառպատման աշխատանքներ իրականացնել, որից 170 հեկտարը պետական բյուջեի ֆինանսավորմամբ կլինի, իսկ 550 հեկտարը՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառների, անտառային հողերի օգտագործման և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Դավիթ Աբովյանն էլ ընդգծեց, որ բնակիչները հատատեղերում կարող են վառելափայտ ձեռք բերել մեկ խորանարդը՝ 13 հազար 320 դրամով, իսկ պահեստներից՝ 21 հազար 600 դրամով. «Էներգակիրների թանկ ու բնակչությանը հասանելի չլինելու բացը անտառամերձ համայնքների բնակչությունը փորձում է վառելափայտի միջոցով լրացնել, այդ պատճառով մենք հնարավորություն ենք տալիս թափուկները՝ անտառում թափված ճյուղեր, բների մնացորդներ և այլն, մինչև 8 խմ անվճար հավաքել անտառից։ Բնակիչները կարող են դիմել մոտակա մասնաճյուղ, ստանալ թափուկ հավաքելու տոմս։ Թափուկի գնահատված պաշարն այս պահին 40 000 խմ է»։
Գարնանը ջերմոցներում աճեցրած ծառերը՝ սոճիներն ու կեչիները, արդեն երկու ամիս է՝ դրսում են՝ արևի տակ։ Նախատեսվում է դրանք տնկել «Հայանտառ»-ի տնօրինության տակ գտնվող անտառներում։ Տնկարանի վարիչ Հովհաննես Սահակյանը մեզ ցույց տվեց բազմահազար տնկիները՝ սոճիներ, հացենիներ, կեչիներ, մինչև անգամ ընկուզենիներ, որոնք ջերմային տնտեսությունից դուրս են բերել, որպեսզի բնական պայմաններում աճեն, իսկ հետո հեշտ հարմարվեն անտառային ստվերային լանջերին ու համալրեն նոր անտառային տարածքները։ Ի դեպ, նրանք տնկում են մի քանի ծառատեսակները մեկ վայրում՝ խառը սկզբունքով, որպեսզի եթե հանկարծ կպչողականության կամ վարակի խնդիր լինի, անտառտարածքներում բացատներ չառաջանան, մյուս ծառերը իրենց սաղարթներով կծածկեն անտառային տարածքները։
«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձոր անտառպետության անտառապետ Ստեփան Հայրապետյանն էլ հավելեց՝ անտառներում ծառերի խտությունն ապահովելուն նպաստում են նաև վայրի կենդանիները՝ հողը փխրեցնելով ու անկախ իրենցից սերմերը տարածելով։ Մասուր, վայրի տանձ, խնձոր, ալոճ, վայրի հաղարջ, սունկ, բանջարաբույսեր, դեղաբույսեր և այլ բարիքներով հարուստ Մեղրաձորի անտառներում վայրի կենդանիները՝ խոզերը, եղնիկները, արջերը, շատացել են, ինչը ապօրինի որսը կանխելու արդյունքն է։
Այսօր՝ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեղի է ունեցել «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին երկու տրակտորի հանձնման արարողությունը։
Ինչպես հայտնել է ՇՄ նախարարությունը, տրակտորները ձեռք են բերվել Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՄԱԿ ՊԳԿ (FAO) – ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ – «Հայանտառ» ՊՈԱԿ եռակողմ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Դրանք կօգտագործվեն Լոռու, Սյունիքի մարզերում և տեխնիկական հագեցվածության շնորհիվ կծառայեն մասնավորապես անտառօգտագործման աշխատանքներին։
Ութնամյա նախագիծը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի կառավարության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Իտալիայի Բոլցանոյի ինքնավար մարզի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ ՊԳԿ-ի կողմից։
Սիմոն Սարգսյան; Շարունակությունը՝ հաջորդիվ
Բաց մի թողեք
Հայաստանի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը
«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը. Լուսանկարներ