12/11/2025

2026 թ. Կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ. ֆինանսների նախարարը թվեր է հրապարակել

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խոսել է տնտեսական աճի կանխատեսումների մասին:

«2026 թվականին մենք սպասում ենք 5.4% տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները։ Ի դեպ, նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5.4% տնտեսական աճ»,- ասել է նախարարը:

Նա նշել է 2021-2026 թվականների ընթացքում իրականացված բարեփոխումները:

«Ապագա զարգացումը կառուցվում է մեր նախկին հաջողությունների և ընդունած որոշումների վրա։ Եվ այսպես․ վերջին հինգ տարիների արդյունքներով մենք արձանագրել ենք միջինում 7.6% տնտեսական աճ, և ես ուրախ եմ, որ ՀՆԱ 5.4% աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ։

Հատկանշական է, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ ներառական է եղել, այն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից միջին աշխատավարձերի գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով, ինչպես նաև անհավասարության և աղքատության մակարդակի նվազմամբ, այս փոփոխությունների մասշտաբն առավել հստակ պատկերացնելու համար պետք է նշել, որ 25 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 4.8% աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 5.3%-ով՝ կազմելով 295,042 դրամ:

Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց՝ միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8%: Այս բյուջեով հարկաբյուջետային քաղաքականությունը մենք կառուցում ենք պատասխանատվությամբ և հավասարակշռությամբ։

Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել բյուջեի պակասուրդը և պահպանել պետական պարտքը կայուն և կառավարելի տիրույթում միջնաժամկետ հատվածում՝ այն պահպանելով 50%-ին մոտ շրջանակում։ Այս համատեքստում մենք իրականացնում ենք տնտեսական ներուժի բարձրացմանը միտված ծրագրեր՝ ուղղված ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացմանը»,- հայտնել է Հովհաննիսյանը: