13/11/2025

Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ կրկին քաղաքական օրակարգ է բարձրացել անկլավների հարցը։

Պաշտոնական Բաքվից օրեր առաջ հիշեցրին, որ անկլավների հարցն իրենց մշտական ուշադրության կենտրոնում է, այսինքն` հայեր, չկարծեք, թե մոռացել ենք դա, ինչին մի քանի օր անց Փաշինյանն արձագանքեց իր էջում՝ հետեւյալ գրառմամբ. «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները», որը, Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների կարծիքով, իրականում ոչ թե Արծվաշենը հետ բերելու, այլ Տիգրանաշենը հանձնելու մասին է, որի պատճառների մասին մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք։

Ուշագրավ է, որ պատերազմից հետո էլ Փաշինյանը բառացիորեն հայտարարում էր, որ Արծվաշենը մերն է, բայց «ՀՀ տարածքում դե յուրե անկլավներ չկան», եւ պնդում էր, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եկել են նման համոզման, իսկ եթե կան անկլավներ, ապա կսպասեն Ադրբեջանի կողմից իրավական հիմքերին։

Թե ինչու է Փաշինյանը կրկին հետ կանգնել իր նախորդ հայտարարություններից եւ նորից հիշել Արծվաշենը, մեզ ասում են՝ Բաքվից են ճնշում, որ հնարավորինս շուտ պետք է լուծել անկլավների հարցը, քանի որ իրենք վստահ չեն, որ 2026-ին Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի ընտրությունների ճանապարհով, ուստի ուզում են ստանալ այսօր` անհապաղ: Փաշինյանն էլ, ի պատասխան, շրջանառության մեջ է դրել Արծվաշենի հարցը՝ միաժամանակ վստահեցնելով, որ չի հրաժարվում անկլավների թեմայից։

Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ամենապոպուլյար հարցն անկլավների թեման էր։ «Չի կարող ՀՀ որեւէ ներկայացուցիչ, որեւէ վարչապետ հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը եւ վստահեցրեց, թե իր վերը նշված գրառումն ընդամենը այդ ամենի հաստատումն էր։

Այդ ամենը, ըստ Փաշինյանի, պետք է արվի սահմանազատման ճանապարհով. «Մենք ասել ենք, որ արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք եւ բացառում ենք որեւէ ուժային սցենար։ Ինչ վերաբերում է սցենարներին, ապա սահմանազատում պետք է տեղի ունենա։ Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը։ Երբ այդ ամենը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները եւ վարիացիաները կքննարկվեն։ Գիտեմ, որ քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ։ Որեւէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ՝ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման»։

Ըստ նրա՝ եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, ապա հստակ է, որ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման, այսինքն` հանրաքվե անելու, դա հնարավոր չէ անել։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Ադրբեջանից ստացել են անկլավների իրավական հիմքերը, ինչին իրենք սպասում էին, եւ հիմա ինքը կարող է հստակ ասել, որ Հայաստանում կան ադրբեջանական անկլավներ, թե՞ ոչ, հակառակ դեպքում ինչպե՞ս է անկլավների հարցի լուծման սցենարներից խոսում։ Փաշինյանը բացասական պատասխան տվեց, ասաց, որ չեն ստացել, ապա մատնեց, թե ինչ հիմքով կարող են հանձնել Տիգրանաշենը։ «Այն, որ 1991 թվականին մեր անկախությանը նախորդող շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, էդ գաղտնիք չի, էդ գյուղերի մի մասն Իջեւանի շրջանում են, եւ ես էդ գյուղերի միջով անցել-գնացել եմ, ես չեմ կարա ասեմ՝ բնության մեջ էդպիսի բան չի եղել, որ Հայաստանում ադրբեջանցիներ են ապրել»։ Մեր դիտարկմանը, թե Արցախում էլ հայեր էին ապրում, հիմա էլ՝ Գլենդելում են ապրում, դա նշանակում է, որ դրանք հայկական անկլավնե՞ր են, նա պատասխանեց. «Ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին, Սինգապուրում էլ են հայեր ապրել, բայց ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչպես է ասում, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ, պատասխանեց, որ այդտեղ միայն անկլավների թեման չէ, ուրիշ թեմաներ էլ կան։ «1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով, մենք ունենք խնդիր, որ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո, եւ որ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո։ Որպեսզի ես հիմա Ձեր հարցին պատասխանեմ, պետք է սահմանազատում իրականացնեմ, ես նկատի ունեմ կամայական տարածք, որ ընկնում է այդ կարգավիճակի վրա, հիմա աչքաչափով կարող ենք ասել՝ ինչի մասին է խոսքը, բայց դա լավ ժանր չի, որովհետեւ մենք, իրավական պրոցեսը թողած, մտահանգումների ենք գալու»։

Արձանագրենք, որ Տիգրանաշենը վերցնելու մասին ադրբեջանական կողմը խոսում է պատերազմի ավարտից սկսած, վերջերս անգամ հայտարարություններ են հնչում, որ ադրբեջանական այդ տարածքը «հայերն օկուպացրել են», իսկ ՀՀ պաշտոնյաներն այլեւս ոչ թե հերքում են դրանց ասածները, այլ խոստովանում եւ համաձայնում։ Արցախ հայերի վերադարձի իրավունքը պաշտպանելը նաեւ սրա համար էր հարկավոր, որ արդարացողը ոչ թե մենք լինեինք, այլ՝ նրանք: Որ պահանջատեր լինեինք, ոչ թե շարունակաբար հանձնող: