19/11/2025

Իվանիշվիլին վերջնականապես հանձնում է Հարավային Օսեթիան

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կլուծարի նախկին Հարավային Օսեթիայի տարածքի կառավարման ժամանակավոր վարչակազմը, որ կազմավորվել է Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում:

Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Հարավային Օսեթաիայի կառավարման ժամանակավոր վարչակազմը գործում է Վրաստանում և ներկայացնում է այդ տեղաշրջանի վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը:

Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակի, այդ մարմինը ձևավորվել է սահմանադրության կոպիտ խախտմամբ, քանի որ երկրի տարածքում «Հարավային Օսեթիա վարչա-տարածքային միավոր գոյություն չունի»:

Անկախության հռչակումից հետո Վրաստանը լուծարել է Հարավային Օսեթիայի ինքնավարությունը և տարածքը վերանվանել «Ցխինվալիի տեղաշրջան»: Պապուաշվիլին համարում է, որ «Հարավային Օսեթիա» անվանումն իսկ «դավաճանություն է»:

Վրաստանի խորհրդարանի խոսնակի գնահատմամբ, այդ տարածքում իշխանության օրինական մարմիններ են Ախալգորիի, Կուտայի, Տիգվիի և Էրեդվիի մունիցիպալիտետները: Վարչա-տարածքային այդ միավորումների ղեկավարները գործում են Վրաստանի տարածքում և համարվում են «վտարանդի իշխանություն»:

Պապուաշվլին ասել է, որ Հարավային Օսեթիայի կառավարման ժամանակավոր վարչակազմի լուծարումն «ավելի է ամրապնդում փաստացի իրավիճակը չճանաչելու Վրաստանի կառավարության անփոփոխ դիրքորոշումը»:

Անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վրացական ընդդիմությունը գործող իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ «գաղտնի համաձայնության» մեջ: Նարատիվ է շրջանառվել, որ «Վրացական երազանքը» Հարավային Օսեթաիան «հանձնում է Ռուսաստանին»:

Այլ աղբյուրներ նշել են, որ Ուկրաինայի հարցում չեզոքություն պահպանելով և զարգացնել Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը՝ «Վրացական երազանքը» հույս ունի «հասնել Աբխազիայի վերաինտեգրմանը»:

Որոշ մեկնաբաններ այդ հանգամանքով են բացատրում մեկ տարի առաջ Աբխազիայում անսպասելի սրված իրավիճակը, երբ Սուխումիում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառով «նախագահ» Բժանիան ստիպված էր հրաժարական տալ:

Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանի ներքաղաքական իրավիճակից անկախ՝ Ռուսաստանը «երբեք չի վերանայի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու ակտերը»:

Հարավային Օսեթիայի մասին Վրաստանի կառավարության որոշումը կայացվում է մի փուլում, երբ զուգահեռաբար քրեական նոր գործ է հարուցվել նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ, իսկ Սահմանադրական դատարանը պատրաստվում է քննարկել նրա հիմնադրած կուսակցությունը կասեցնելու հարցը:

Սաակաշվիլին անուղղակի մեղադրվում է 2008թ. օգոստոսին «Արևմուտքի թելադրանքով Հարավային Օսեթիայում տեղակայված ռուս խաղաղապահների նկատմամբ զինված սադրանք գործելու, պատերազմ հրահրելու» մեջ:

Այս գնահատականից մինչև Հարավային Օսեթիայի ռուսական օկուպացիայի արդարացումը կես-քայլ է: