19/11/2025

Ադրբեջանն էլ «կկրճատի պարտադիր զինծառայության ժամեկտը»

Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը «նախապատրաստվում են լիովին համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին»:

Ադրբեջանական բանակը շուրջ քառորդ դար է՝ արդեն իսկ գտնվում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ վերահսկողության ներքո, իսկ զինվորականները բարձրագույն կրթություն հիմնականում ստանում են թուրքական ռազմական ուսումնարաններում:

Ադրբեջանական մամուլը վերջին օրերին քննարկում են բանակի «վերակառուցման» թեման և այդ համատեքստում շոշափում նաև պարտադիր զինվորական ծառայության և անձնակազմի հնարավոր կրճատման հետ կապված հարցեր:

Ռազմական ծախսերն այլևս Ադրբեջանի պետական բյուջեի համար ծանր բեռ են: Սոցիալական ցանցերում և Եվրապայում ադրբեջանական վտարանդիության տեղեկատվական հոսքերում բարձրացվում են այսպես կոչված «ազատագրված տարածքներում վերաբնակեցման» հետ կապված սուր հարցեր:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի տեղեկացմամբ, Ադրբեջանում «արդեն իսկ քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես կամ նույնիսկ մեկ տարի սահմանելու նպատակահարմարությունը»:

Փորձագետն այդ միտումը հիմնավորում է նրանով, որ բանակում «տեխնոլոգիական միջոցների, դիտարկման ռոբոտացված սարքավորումների, ԱԹՍ-երի և այլ միջոցների ներդրումը զգալիորեն կրճատել է կենդանի ուժի պահանջը»:

Նա գնահատում է, որ «այսօր հարյուր զինվորի նախկինում կատարած աշխատանքներն իրականացնում է հինգ-վեց հոգի»:

Ջաֆարովը ենթադրում է, որ Ադրբեջանը կընդօրինակի «եղբայրական Թուրքիայում գործող կարգը, որտեղ պարտադիր զինվորական ծառայության համար նվազագույն ժամկետ է սահմանված, բայց զինվորներին տրված է կյանքը բանակի հետ կապելու և պայմանագրային ծառայության անցնելու հնարավորություն»:

Ադրբեջանցի ռազմական փորձագետը համարում է, որ եթե «մարդ պետք է գիտական, ստեղծագործական ինքնադրսևորում ունենա, ապա պարտադիր չէ, որ նա զորակոչվի բանակ, թող հայրենիքին այլ բնագավառներում ծառայի, բայց և զինվորական պատրաստություն անցնի»:

Որքանո՞վ է ռազմական փորձագետը տեղեկացված Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը և բանակի թվակազմը կրճատելու մասին քննարկումներին, դժվար է գնահատել:

Բայց Ադրբեջանում նման թեմաներն առանց իշխանությունների իմացության, որպես կանոն, մամուլում չեն հայտնվում: Իսկ թե օրենսդրական և այլ կարգի ինչ փոփոխություններ կկատարվեն, ցույց կտա ապագան: