Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Գոնչարենկոն հրապարակել է ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրը, որ ամբողջությամբ փոխանցում է ռուսաստանյան «Կոմերսանտը»:
Այն, ինչպես հայտնի էր տեղեկատվական արտահոսքերից, ունի հետևյալ ենթաբաժինները. «Անվտանգություն և Ուկրաինայի քաղաքական կարգավիճակ», «Տարածքային հարցեր», «Ռազմական պայմանավորվածություններ», «Տնտեսական բլոկ և Ուկրաինայի վերականգնում», «Ռուսաստանը՝ համաշխարհային համակարգում», «Հումանիտար հարցեր», «Էներգետիկ հատուկ օբյեկտներ», «Ուկրաինայում ներքաղաքական գործընթացներ», «Պայմանավորվածությունների կատարում և վերահսկողություն»:
Առաջին բաժինը սահմանում է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն է, անվտանգության երաշխիքներ է ստանում ԱՄՆ-ից, «բայց՝ պայմանով», որ չի մանրամասնված, որ սահմանադրությամբ ամրագրում է ոչ բլոկային կարգավիճակը, հրաժարվում ՆԱՏՕ-ի անդամակցությունից, իր հերթին Հյուսիս-ատլանտյան դաշինքն հաստատում է Ուկրաինայի ընդմիշտ ոչ անդամությունը: Ուկրաինայի Զինված ուժերը սահմանափակվում են մինչև 600 թվակազմով, երկիրը մնում է ոչ միջուկային:
Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը «դե-ֆակտո ճանաչվում են ռուսական», Խերսոնի և Զապորոժիեի մարզերում շփման գիծը տարածքային բաժանարար է: Տարածքները մի մասն ապառազամականացվում է՝ գտնվելով Ռուսաստանի դե-ֆակտո հսկողության ներքո:
Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են դե-ֆակտո սահմաններն ուժով չփոխել: ՆԱՏՕ-ն Ուկրաինայում զորքեր չի տեղաբաշխում, բայց դաշինքի կործանիչները բազավորվում են Լեհաստանում, ստեղծվում է ԱՄՆ-ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսության և ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խումբ:
Մյուս բաժինները ոչ պակաս ուշագրավ են, մանավանդ Ռուսաստանի սառեցրած ակտիվներն Ուկրաինայի վերականգնման ծրագրերի նպատակով օգտագործումը կամ Զապորոժիեի ԱԷԿ-ի միջազգային կառավարման դրույթը, բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար առաջարկվում է ստեղծել «Խաղաղության խորհուրդ»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ:
Եթե ուկրաինացի պատգամավորը հրապարակել է իրոք Սպիտակ տան կողմից Կիևին ներկայացված ամբողջական փաստաթուղթը, ապա այն կարելի է անվանել չորս տարի տեւող պատերազմում Վլադիմիր Պուտինի «պյուռոսյան հաղթանակը»:
Ավելին, նրան «հաջողվել է» կարգավորման ծրագիր ներմուծել նաև Ղրիմի խնդիրը, որ առաջարկվող ծրագրով կունենա նույն կարգավիճակը, ինչ՝ Դոնբասը: Այսինքն, փաստացի կլինի ռուսական, իրավաբանորեն՝ ինքնիշխան Ուկրաինայի անբաժանելի մաս:
Ուկրաինացի պատգամավորի հրապարակած տեքստում ակնարկ իսկ չկա Ուկրաինայի «դենացիֆիկացիայի», ռուսաց լեզվի պետական կարգավիճակի, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին Մոսկվայի պատրիարքարանի կանոնիկ ենթակայությանը վերադարձնելու մասին:
Ամենակարևորն այն է, որ Թրամփի ծրագիրը Կիևին չի պարտավորեցնում տարածքների հարցով սահմանադրական հանրաքվե անցկացնել, իսկ ահա փաստաթուղթն ստորագրելու դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի «Նովոռուսիայի» մասին սահմանադրական դրույթները վերանայել:
Եթե, իհարկե, Վլադիմիր Պուտինը ճանաչի իր «պյուռոսյան հաղթանակը»: Բայց եթե նա մերժի կարգավորման նաեւ այս իրոք փոխզիջումային ծրագիրը, ապա ի՞նչ է սպասվում արդեն ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային:






Բաց մի թողեք
Ի՞նչ է պետք, որ Եվրոպան վերջապես հակահարված տա․ 2025 թ․ ամենաշատ ընթերցված պատմությունները
Էքսկլյուզիվ․ 2025 թվականի լավագույնները. Եվրոպական խորհրդարանի հինգ կարևորագույն պահերը
«Եվրոպան պայքարի մեջ է», – պնդեց նա՝ «կայսերական նկրտումների և կայսերական պատերազմների» «անողոք» աշխարհում