02/12/2025

Պուտինը մտադիր է «մասնատել» Կենտրոնական Ասիան

Պուտինը Բիշքեկում ավարտել է պետական այցը: Ղրղզստանցի պաշտոնակից Ժապարովի հետ դեմ առ դեմ բանակցությունների ավարտին հրապարակվել է երկու երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը:

ՌԻԱ-Նովոստին փոխանցում է փաստաթղթի հիմնական դրույթները:

Կողմերը պայմանավորվել են համագործակցել աշխատանքային միգրացիայի կարգավորման գործընթացում և ներդնել կառավարման թվայնացված համակարգ: Մոսկվան և Բիշքեկը մտադիր են ռուսաց լեզվի գործածությունը խթանել՝ որպես միջէթնիկ շփումների միջոց:

Երկրները ցանկանում են խորացնել ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրացիան: Կողմերը պայմանավորվել են ընդլայնել ռազմա-տեխնոլոգիական գործընկերությունը, համագործակցել կենսաբանական անվտանգության բնագավառում:

Ռուսաստանը և Ղրղզստանը պաշտպանում են Եվրասիայում միասնական և անբաժանելի անվտանգության համակարգը, դեմ են միջուկային զենքի տարածմանը: Ձեռք է բերվել նաև Ղրղզստանի գյուղատնտեսական ապրանքների Ռուսաստան արտահանման պայմանավորվածություն:

Թվարկված պայմանավորվածություններից Ռուսաստանի համար էական նշանակություն ունեն երկուսը, Ղրղզստանի տարածքում ռուսաստանյան ռազմահենակայանը պահպանվում է, իսկ ռուսաց լեզուն շարունակում է ունենալ երկրորդ պետականի կարգավիճակ: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Ռուսաստանի նախագահը մեկուկես ամսվա ժամանակահատվածում, օգտագործել ԱՊՀ և ՀԱՊԿ գագաթնաժողովի առիթը, երկրորդ պետական այցն է կատարել Կենտրոնական Ասիա:

Դա վկայում է, որ տարածաշրջանի ներքին ինտեգրման և Ադրբեջանի միջոցով Հարավային Կովկասի հետ միասնական աշխարհաքաղաքական տարածք ձևավորելու միտումները Մոսկվային լրջորեն անհանգստացնում են:

Փորձագետները նկատել են, որ, ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, որ մարդկային, հումքային լուրջ ռեսուրսներ և կոմունիկացիոն որոշակի ազատություն ունեն, Ղրղզստանը և Տաջիկստանը շարունակում են Ռուսաստանի ազդեցությունից կախված մնալ: Այդ առումով որոշակի դեր է խաղում նաև նրանց աշխարհագրական դիրքը:

Ղրղզստանցի քաղաքագետ Սարիևը, սակայն, համոզված է, որ Ռուսաստանը, ինչպես ուրիշ դեպքերում, աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից «ուշացել է և փորձում է վերականգնել կորցրած դիրքերը»:

Նա համարում է, որ Պուտինի Բիշքեկ պետական այցը «լուրջ փորձություն է, որի արդյունքներից պարզ չէ, թե ի՞նչ մոտեցում է նա արդեգրել Կենտրոնական Ասիայի ինտեգրացիայի հանդեպ»: Սարիևի կարծիքով, տնտեսական առումով ինտեգրված Կենտրոնական Ասաիան Ռուսաստանի համար «ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր է», բայց Մոսկվան «խիստ կասկածամիտ է տարածաշրջանի քաղաքական և անվտանգային միասնականության նկատմամբ»:

Ուշագրավ է, որ գտնվելով Բիշքեկում, Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ Ղազախստանի և Տաջիկստանի նախագահների հետ հանդիպում չի նախատեսել:

Փոխարենը նա բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում նրանք «հիմնականում քննարկել են ուկրաինական կարգավորման հետ առնչվող հարցեր»:

Ըստ երևույթին, Ռուսաստանի նախագահը մտադիր է «մասնատել» Կենտրոնական Ասիան: