02/12/2025

Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»

Բաքվի իշխանական լրատվամիջոցները հայտնում են, որ Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել «քրեական օրենսգրքի 278.1 (իշխանությունը բռնությամբ յուրացնելու կամ պետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու ուղղությամբ գործողություններ) հոդվածով:

Ամենայն հավանականությամբ, Քերիմլին և ԱԺՃ վարչության անդամ Մամեդ Իբրահիմը կկալանավորվեն:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Քերիմլին մեղադրվում է «միլիարդատերերի ակումբի» հետ կապերի մեջ: Խոսքը, հավանաբար, 2013թ. Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվայում ստեղծված «ակումբի» մասին է, որ գլխավորել է Աբաս Աբասովը: Վերջինս 1992-2006 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետի պաշտոնը, ապա տեղափոխվել Մոսկվա:

Ադրբեջանի նախագահի 2013-ի ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ ձևավորվել է նաև «մտավորականների խորհուրդ», որը հայտարարություն է տարածել և Մեհրիբան Ալիևային խնդրել, որ թեկնածու առաջադրվի և գլխավորի երկիրը: Իլհամ Ալիևին, սակայն, հաջողվել է չեզոքացնել թե մոսկովյան «միլիարդատերի ակումբին», թե Բաքվի «մտավորականների խորհրդին»:

Այդ ընտրություններից հետո, սակայն, նա սահմանադրական փոփոխություններ է կատարել, ստեղծել Ադրբեջանի առաջին փոխնախագահի և փոխնախագահաների ինստիտուտ: 2017թ. փետրվարի 21-ին Իլհամ Ալիևը Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, իսկ փոխնախագահներ առայսօր նշանակված չեն:

ԱԺՃ առաջնորդին վերագրել տասներեք տարի առաջ ստեղծված «միլիարդատերերի ակումբի» հետ համագործակցություն, նշանակում է վերադառնալ անցյալին: Եթե «միլիարդատերերի ակումբը» և «մտավորականների խորհուրդը» նպատակ են ունեցել թույլ չտալ Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով պաշտոնավարումը և խնդրել են, որ նրան փոխարինի Մեհրիբան Ալիևան, բայց այդ ծրագիրը ձախողվել է, իսկ այսօր Քերիմլին մեղադրվում է «բռնությամբ սահմանադրական կարգը փոխելու և իշխանությունը յուրացնելու ուղղությամբ գործողություններ իրականացնելու» մեջ, ապա ակնհայտ է, որ գործի քաղաքական թիրախը Մոսկվան է:

2013 –ին Իլհամ Ալիևը «դրությունը փրկել է» Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ: Այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հարաբերությունները սառն են: Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ Քերիմլիի տանն անցակցված խուզարկության ժամանակ «հայտնաբերվել է Ռամիզ Մեհթիևի Մոսկվա հղած նամակի սեւագիր տարբերակը»:

Ըստ տեղեկությունների, Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»:

Տեղեկատվա-քարոզչական այս «խառնաշփոթից» հիմնական տպավորություն է, որ Իլհամ Ալիևը շատ սկզբունքային խնդրի լուծման է գնում: Հնարավոր է, նա իշխանության «տրանզիտի հող է նախապատրաստում» կամ՝ սահմանադրական կարգի փոփոխության: Ավելի վաղ մի շարք փորձագետներ կարծիք են հայտնել, որ Ադրբեջանում «կսահմանվի «համազգային առաջնորդի» ինստիտուտ»:

Բացառված չէ նաև, որ Ալիևի «հակառուսաստանյան արշավի» հասցեատերը Եվրամիությունն է, որի հետ հարաբերությունների վերբեռնումը նրա համար առաջնահերթություն է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու առումով:

Բայց զգաստացնող է, որ Քերիմլին վերջին հարցազրույցներում Ալիևին քննադատել է Ռուսաստանից կախվածության պատճառով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար: