Վրաստանի հայազգի բժիշկ, հասարակական գործիչ Գուրգեն Մխիթարյանը մի քանի ամիս առաջ «Հրապարակի» հետ զրույցում պաշտպանում էր Վրաստանի թեմի նախկին առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանին, երբ վերջինս Բալկաններում ջերմ ընդունելության էր արժանացրել Փաշինյանին, եւ դրա համար նրան քննադատում էին:
«Եթե ես ժամանակին պաշտպանել եմ Վազգեն Միրզախանյանին խուժան մասսայի վայրահաչոցներից՝ մեծամասնություն կոչվող թափթփուկների ստախոսություններից, բամբասանքներից, ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել, քանի որ այն, ինչի մեջ մեղադրում էին Վազգեն Միրզախանյանին, ես դրանց ականատեսը չեմ եղել եւ այդ փաստերին չեմ տիրապետել, իսկ բամբասանքներն ու ասեկոսեներն ինձ համար հիմք չեն, որպեսզի կարծիք կազմեմ: Վազգեն Միրզախանյանը՝ որպես թեմակալ եպիսկոպոս, ինձ մոտ թողել է շատ դրական տպավորություն, ինձ համար նա եղել է շատ դրական անձնավորություն՝ այստեղ՝ Թիֆլիսում աշխատած ժամանակ: Եվ ինչ իր հասցեին խոսել են, ինձ համար հիմք չի եղել: Բայց ինչ խոսել են եւ ովքեր խոսել են, այսօր Վազգեն Միրզախանյանն իր ելույթով ցույց տվեց, որ ինքը գտնվում է այդ նույն մարդկանց ճամբարում, ովքեր որ իրեն վարկաբեկում էին եւ ովքեր շարժվում էին եկեղեցու դեմ․ դրանք այն մարդիկ էին, որ երբ հեղափոխությունից հետո «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» շարժումը սկսվեց, հենց այդ մարդիկ էին իրեն վարկաբեկում եւ հենց այդ մարդիկ Թիֆլիսից գնացին՝ Հովհաննավանքի պատարագին մասնակցելու: Եվ Վազգեն Միրզախանյանը, կամա թե ակամա, այսօր գտնվում է այդ ճամբարում՝ իրենց հետ միասին»,- ասաց Մխիթարյանը։
Մեր զրուցակիցը շեշտում է, որ Թբիլիսիում կային հավատացյալ մարդիկ, որոնք շատ էին սիրում ու հարգում Միրզախանյանին, սակայն նրա՝ «աղանդավորների» ճամբարում հայտնվելուց հետո խոր ցավ եւ հիասթափություն են ապրում։ Ինչ վերաբերում է հարցազրույցի ժամանակ Վազգեն արքեպիսկոպոսի արած ակնարկին, թե Վեհափառն օտար երկրների ազդեցության տակ է, ապա նա պետք է հիշի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, ՔՊ-ն էլ մշտական չէ, մշտական են միայն հայոց պետականությունը, հայ ազգը:
«Եթե Վազգեն Միրզախանյանը մեղադրում է, ապա թող բարի լինի՝ փաստեր հրապարակի: Նախքան Վեհափառին մեղադրելը, Վեհափառին վիրավորում էին, վարկաբեկում էին, իր աշխարհական անունով էին դիմում, եւ եթե նրա սիրտը ցավում է, մտահոգված է եկեղեցու հեղինակությամբ, ապագայով, ապա ինչո՞ւ այն ժամանակ չէր ընդվզում այդ նույն քաղաքական իշխանությունների դեմ, այդ թափթփուկների դեմ, որոնք ե՛ւ Թիֆլիսում կան, ե՛ւ Հայաստանում կան, որոնք կաթողիկոսին աշխարհական անունով էին դիմում: Մի բան էլ կա․ մեղանչական խոսքի նման բան կա, որ մեղանչելով փորձում է արդարացնել եկեղեցասիրություն եւ այլն, բայց ես արդեն չեմ հավատում: Ցավում եմ, շատ եմ ցավում, ինքը շատ խելացի մարդ լինելով, շատ գրագետ հոգեւորական, շատ լավ քարոզիչ եւ ինձ համար շատ մեծ հեղինակություն էր, երբ Վրաստանի թեմակալ եպիսկոպոսն էր, բայց այսօր, ազնիվ խոսք, կարծիքս փոխվեց արդեն, չգիտեմ ինչ ասել»,- ասաց Մխիթարյանը:
Ստացվում է, որ նա գտնվում է նույն ճամբարում, որտեղ են եւ Վեհափառին աշխարհական անունով դիմողները, նրան վարկաբեկողները։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ով է արտաքին աշխարհից կառավարվում․ արտաքին աշխարհից կառավարվում են այն հոգեւորականները, այն մարդիկ, որոնց հայտարարություններն ու գործողությունները համընկնում են հայ ազգի թշնամիների թույլ տված արտահայտություններին: Գուցե Միրզախանյանին խոստացել են, որ կլինի իշխանությունների սրտի կաթողիկոսը։ Մխիթարյանն ասաց, որ կարեւոր մի հարց կա․ եթե ներկայիս կաթողիկոսին ուզում են գահընկեց անել, ապա հարցեր են առաջանում:
«Գարեգին Երկրորդի գահակալության ընթացքում միլիոնուկեսից ավելի հայ նահատակներ՝ ցեղասպանության զոհեր, սրբադասվեցին, եթե Գարեգին կաթողիկոսի դեմ սրանք ինչ-որ հարցեր ունեն եւ ուզում են նրան գահընկեց անել, ապա նրանք, փաստորեն, առոչինչ են դարձնում միլիոնուկես զոհերի սրբադասումը։ Դա՝ առաջինը: Երկրորդը․ եթե երեք պատրիարքների օրհնությամբ գահակալած Գարեգին Երկրորդին ուզում են գահընկեց անել, կամ որ ինքը հրաժարական տա՝ հանգիստ, խաղաղ հեռանա, նրանք առոչինչ են համարում երեք հայ պատրիարքների օրհնությունը՝ Արամ Առաջինի, երջանկահիշատակ՝ Երուսաղեմի պատրիարք Թորգոմ սրբազանի եւ Պոլսի պատրիարք Մեսրոպ Վարդան Մութաֆյանների օրհնությունները: Եթե այս օրհնություններն առոչինչ համարվեն, ցեղասպանության զոհերի սրբադասումն առոչինչ համարվի, ի՞նչ եք կարծում՝ եկեղեցին կլինի՞, թե՞ չի լինի: Ինձ թվում է, եկեղեցին կդադարի գոյություն ունենալ: Շահարկելով կաթողիկոսի անձը, նրանք հետամուտ են մեկ նպատակի՝ պախարակել, խայտառակել Հայաստանյայց առաքելական եկեղեցին, առոչինչ դարձնել պատրիարքների օրհնությունը եւ ցեղասպանության զոհերի սրբադասումը: Գարեգին Երկրորդը եպիսկոպոս է ձեռնադրվել Վազգեն Առաջին վեհափառի ժամանակ, հարց է առաջանում․ առոչի՞նչ են համարում Վազգեն Առաջինի կողմից ձեռնադրությունը՝ այս կաթողիկոսին որպես եպիսկոպոս»,- ասաց վրացահայ գործիչը:
«Ֆունդամենտալ, հիմնովին քանդվում է հայոց եկեղեցին, եւ այստեղ արդեն երկրորդ հարցն է ծագում․ ո՞վ է ծառայում դրսի ուժերին՝ Գարեգին Երկրո՞րդը, թե՞ նրա դեմ դուրս եկած եպիսկոպոսները»,- հարց է տալիս Մխիթարյանը: «Ո՞ւմ է ձեռնտու հայոց եկեղեցու չլինելը: Եվ այդտեղ Վազգեն Միրզախանյանը հիշատակում է Հռոմի պապերին: Եթե մենք կաթոլիկ աշխարհից ենք օրինակներ բերում, եթե մեկ օրինակ ընդօրինակենք կաթոլիկ աշխարհից, ապա չի բացառվում, որ հետագայում կընդօրինակենք Փարիզում օլիմպիական խաղերի բացման ծեսը: Եթե մենք ընդօրինակում ենք Հռոմի կաթոլիկ եկեղեցու ինչ-որ ծեսեր, օրենքներ եւ ասում ենք՝ վաղը, մյուս օրը ոչ մի երաշխիք չկա, որ չեն հիշատակի Բորջիայի օրինակը, կասեն՝ Բորջիան էլ է այսպիսի բաներ արել՝ ինչո՞ւ եք զարմանում: Կործանվում է հայոց եկեղեցին, իսկ հայոց եկեղեցու հետ միասին կործանվում է հայոց ինքնությունը: Ես չէի ուզի, որ սփյուռքն անմասն մնար եւ չպաշտպաներ: Հարցը Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չէ, հարցը հենց կաթողիկոսի գահն է»,-շեշտեց Գուրգեն Մխիթարյանը։
«Եթե Վեհափառի ժամանակ սրբադասվել են միլիոնուկես նահատակներ, ապա կեցցե «դրսից կառավարվող» Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եթե Գարեգին Երկրորդը Սանկտ Պետերբուրգում կառուցել է հոգեւոր ճեմարան՝ իր ուսանողներով, ապա կեցցե «դրսից կառավարվող» Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Մայր Աթոռը 500 հազար դոլար հատկացրեց բանակին, ապա կեցցե «դրսից կառավարվող» Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Ամենայն հայոց կաթողիկոսը չլուծարեց Արցախի թեմը, ուրեմն կեցցե «դրսից կառավարվող» Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Եթե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Շվեյցարիայում գումարեց մեծ ժողով, որտեղ ելույթ ունեցավ որպես Արցախի պատմամշակութային ժառանգության պահանջատեր, ուրեմն կեցցե «դրսից կառավարվող» Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը»,- եզրափակեց Գուրգեն Մխիթարյանը:







Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ