Մենք պատերազմի ենք պատրաստվում, որպեսզի այն կանխենք: Այս հայտարարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արել է Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 8-ի նիստում:
BelTA պաշտոնական գործակալությունը փոխանցում է, որ Բելառուսի նախագահը հայտարարել է «երկրի ամեն թիզ հողը պաշտպանելու վճռականության» մասին: Լուկաշենկոն «անհիմն» է որակել եվրոպական երկրներից հնչող կարծիքը, որ «Ռուսաստանը և Բելառուսը հարձակման են պատրաստվում»:
Պաշտոնական հաղորդագրությունը մեջբերում է Բելառուսի նախագահի հավաստիացումը, որ երկրի «շահերը նրա սահմաններից դուրս ոչ մեկի տարածքի վրա չեն տարածվում»: Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել մի իրավիճակում, երբ ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի իրականացումը մեծ հարցականի տակ է:
«Ուոլ սթրիթ ջոռնելը» գրում է, որ Գերմանիայի կանցլեր Մերցը և եվրոպացի այլ առաջնորդներ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն «հորդորել են մերժել» Դոնալդ Թրամփի ծրագիրը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ եթե «հատուկ ռազմական գործողության նպատակներին չհաջողվի հասնել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանը մարտական գործողությունները կշարունակի»:
Ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն փորձում է Բելառուսի տարածքը զերծ պահել հնարավոր լայնածավալ պատերազմից: «Երկրի սահմաններից դուրս շահեր չունենալու» մասին նրա հավաստիացումը դա է վկայում:
Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր մամուլում բազմիցս շոշափվել է Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը: Լուկաշենկոն այդ տեղեկությունները մշտապես հերքել է:
Գրեթե չորս տարի է, ինչ նրան հաջողվում է խուսափել պատերազմին ուղղակի մասնակցությունից: Բայց այդ ընթացքում Ռուսաստանը Բելառուսի տարածքում լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել, այդ թվում՝ տակտիկական նշանակության միջուկային զենք:
Լուկաշենկոն, կարծես, զգուշացնում է, որ չի համաձայնի Բելառուսի տարածքն Ուկրաինայի դեմ «հյուսիսային ճակատ բացելու» նպատակով օգտագործելուն, քանի որ «երկրի սահմաններից դուրս շահեր չունի»:
Ռուսաստանը շահեր է հետապնդում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող ուկրաինական տարածքներում: Բելառուսի նախագահը, կարծես, փորձում է այդ սկզբունքային հարցում Վլադիմիր Պուտինից «տարանջատվել»:
Իրավիճակն, ինչ խոսք, միանշանակ գնահատման չի տրվում: Լուկաշենկոն անցած շուրջ չորս տարիներին մի քանի անգամ դիրքորոշում է փոխել: Բացառված չէ, որ նա պարզապես դիվանագիտություն է խաղում:
Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին միանալու համար առիթ միշտ կարելի է գտնել, բավական է սահմանին բախումներ հրահրել և «բելառուսական հողի ամեն մի թիզը պաշտպանելու անհրաժեշտություն» կծագի:
Բայց առայժմ, կարծես, Լուկաշենկոն «մեղքից հեռու» սկզբունքով է առաջնորդվում: Նույն օրն, ի դեպ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ԽՍՀՄ վերականգնումը «հնարավոր» չի համարել:






Բաց մի թողեք
Զախարովան ինքն իրեն ամենահին մասնագիտության տեր է համարում
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Մեհթիևին «կուլակաթափ անելու», նրա ունեցվածքը «պետականացնելու», ապա Փաշաևներին հանձնելու խնդիր