Եվրամիության պաշտոնական կայքը հրապարակել է պատժամիջոցների ենթարկված տասնյոթ ֆիզիկական անձանց ինքնությունը:
Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, որի ներկայացմամբ ցուցակը գլխավորում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Շուսենցովը:
Երկրորդ տեղում Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի Եվրոպական և միջազգային համալիր ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Սուսլովն է, այնուհետև՝ «Ռուսաֆիլների միջազգային շարժում» շարժում կազմակերպությունը, որ սերտ կապեր ունի ՌԴ ԱԳՆ-ի հետ:
Աչքի է զարնում, որ Եվրամիությունը պատժամիջոց է կիրառել նաև ԱՄՆ Ֆլորիդա նահանգի շերիֆի նախկին օգնական Ջորջ Մարկ Դուգանի նկատմամբ: Վերջինս 2016թ.-ին Ռուսաստանում քաղաքական ապաստան է խնդրել, ներկայումս ունի ԱՄՆ և ՌԴ քաղաքացիություն:
Եվրամիությունը նրան մեղադրել է «համացանցում Ռուսաստանի տեղեկատվական օպերացիաներին աջակցելու» մեջ:
ՏԱՍՍ-ը հատկապես ընդգծում է, որ Եվրամիությունը «Միացյալ Նահանգների քաղաքացու դեմ պատժամիջոց կիրառում է առաջին անգամ»:
Եվրամիության պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի նախագահ, «Վալդայ» բանավիճային ակումբի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեևի և ակումբի զարգացման աջակցության Հիմնադրամի նախագահ Անդրեյ Բիստրիցկիի նկատմամբ:
«Վալդայ» ակումբը հիմնադրվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ: Վերջին տարիներին միջազգային քաղաքականության, նոր աշխարհակարգի և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ «ոչ պաշտոնական» տեսակետներ նա, որպես կանոն, հնչեցնում է այդ հարթակից:
Կարելի է ասել, որ Եվրամիությունը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ պատժամիջոցներ է «սահմանում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի նկատմամբ»:
Պատժամիջոցային ցուցակում ԱՄՆ քաղաքացու, «Վալդայի» ծրագրային տնօրենի և գլխավոր հովանավորի ընդգրկումն, ըստ ամենայնի, քաղաքական որոշում է: Ամենևին էլ պատահական չէ, որ նույն օրը Մեծ Բրիտանիայի Արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ տնօրեն Մետրեվելին հայտարարել է, որ Ռուսաստանը «Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմ է վարում»:
Նա Ռուսաստանի նախագահ Պուտինին խորհուրդ է տվել «չկասկածել», որ Ուկրաինային Մեծ Բրիտանիայի «աջակցությունը մնում է անփոփոխ»: Բրիտանական հետախուզության տնօրենը միջազգային հարաբերություններում «Ռուսաստանի առանձնահատկություն» է որակել «քաոսի արտահանումը»:
Եվրամիություն պատժացուցակում հայտնված ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձինք գործում են Եվրոպայում և այլ աշխարհամասերում Ռուսաստանի պետական նարատիվները տարածելու, քաղաքակրթական ընտրություն ներշնչելու ուղղությամբ:
Այս առումով ռուսաստանյան «փափուկ ուժի» առաջին թիրախն, անկասկած, հետխորհրդային տարածքն է: Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ համագործակցող հետխորհրդային երկրների «դուստր կառույցների» նկատմամբ:






Բաց մի թողեք
Հռոմի պապը ևս խաղաղություն է խնդրում․ Երկխոսություն՝ հակամարտություններին վերջ դնելու համար
Չարլզ III թագավորը` «խորացող բաժանումից» հետո, կոչ է անում հաշտեցման և միասնության. Լուսանկարներ
Կարճ ներկայացման մոխրագույն գիծը․ Ինչո՞ւ Չաուշեսկուն ընկավ․ Այսօր նրա ու կնոջ մահապատժի օրն է. բացառիկ․ Լուսանկարներ