ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի քաղաքային վարչությունը հայտնում է, որ դպրոցներից մեկի անվտանգության աշխատակիցը «հանցագործությանը նպաստելու» կասկածանքով ձերբակալված է:
Նախօրեին նույն դպրոցի աշակերտներից մեկը հարձակվել է ուսուցչուհու վրա և «դանակի հարվածներով նրան մարմնական վնասվածքներ պատճառել»: Ամենայն հավանականությամբ, անվտանգության աշխատակիցը, որ, ինչպես հաղորդագրության լեզվական առանձնահատկությունից է հասկացվում, կին է, աշակերտին «օգնել է», որպեսզի նա դպրոցական շենք մուտք գործի՝ ունենալով սառը զենք:
Սանկտ-Պետերբուրգում միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին և, բարեբախտաբար, մարդկային կյանք չի խլել: Իսկ ահա Մոսկվայի Օդինցովոյի քաղաքային շրջանի Գորկի-2 ավանի հանրակրթական դպրոցում «դանակով զինված դեռահասը» սպանել է տասամյա աշակերտի, ևս երկուսին «մարմնական ծանր վնասվածքներ պատճառել»: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, տուժել է նաև «դպրոցական շենքի պահակը»:
Փաստի առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «հարձակում գործած դեռահասը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա հարում է դեստրուկտիվ երիտասարդական շարժման ծայրահեղական թևին»:
Այլ մանրամասնություններ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային վարչությունը չի հայտնել: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տեղից հաղորդել է, որ «բոլոր աշակերտերն անվտանգ տարհանվել են, նրանց և ծնողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»:
Ոչ մի երկիր, ինչ խոսք, նման արտակարգ միջադեպերերից ապահովագրված չէ, դեռահասները հանցավոր հակումներ են դրսևորում նաև Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, հետխորհրդային տարածքում:
Այդուհանդերձ, մեկ օրվա տարբերությամբ Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում դպրոցականների կողմից ուսուցչին և դասընկերներին սառը զենքով հարձակման ենթարկելու դեպքերը, կարծես, հուշում են, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված «ռազմա-հայրենասիրական» քարոզչությունը վերածվում է բռության պաշտամունքի:
Համացանցում տարածվել են կադրեր եւ լուսանկարներ, որ պատկերում են, թե ինչպես է ՌՈՒԵ հոգևոր սպասավորն «օծում» Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ծանր ռմբակոծիչները: Որպես սրբապատկեր օգտագործվում է Ստալինի դիմանկարը:
Մի քանի ամիս առաջ Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում վերականգնել են Ստալինին պատկերող վիմաքանդակը, որ խորհրդանշում է ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը:
Ուկրաինայում, ինչպիսի գործարք էլ որ Թրամփը և Պուտինը կնքնեն, Պուտինը հաղթակամար չի ստանա: Չոր արդյունքում Ռուսաստանը կունենա մեկ միլիոնից ավելի մարդկային կորուստներ, գրեթե կես տրիլիոն դոլարի վատնում, կստանա ավերված Դոնբաս և բռնության պաշտամունքի կրող նոր սերունդ, որ, երևի, այլևս արտաքին թշնամի չունենալով՝ զայրույթը և ատելությունը կպարպի երկրի ներքին կյանքում: Բայց բռնության «ուրվականը» միայն Ռուսաստանի համա՞ր է սպառնալիք արդյոք։






Բաց մի թողեք
Լիբիական ինքնաթիռի «հարձակմամբ սարքել են Թուրքիայի գլխին»
Թրամփի կենտրոնաասիական «ցատկը» Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան ենթադրյալ «գործարքի մաս է»
Պուտինը «Նովոռուսիայից» ոչ մի քայլ ետ նահանջելու մտադրություն չունի