26/12/2025

Պուտինը հազիվ թե Աբասովին հանձնի Ալիևի «արդարադատությանը»

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Նա մեղադրվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի հետ «պետական հեղաշրջում և սահմանադրական կարգի տապալում կազմակերպելու փորձի» մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղելով իրազեկ աղբյուրներին, հայտնում են, որ Աբասովը մի քանի ամիս առաջ «հարազատներին տեսակցելու համար Մոսկվայից մեկնել է Ստամբուլ, բայց իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց առաջ շտապ վերադարձել է և ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում»:

Աբասովը, ինչպես աղբյուրներն են պարզել, թեև մոտ երկու տասնամյակ է, ինչ մշտապես բնակվում է Մոսկվայում և ՌԴ քաղաքացիություն ունի, ադրբեջանական քաղաքացիությունից չի հրաժարվել:

Ըստ երևույթին, Ադրբեջանի հատուկ ծառայությունները հույս են ունեցել, որ համապատասխան միջնորդության դեպքում Թուրքիայի իշխանությունները կարտոնեն Աբասովի ձերբակալությունը և արտահանձնումը:

Երևում է, Թուրքիայի նախագահ Էրդողանը ձեռնպահ է մնացել այդ սկանդալային գործին ներգրավվելուց, և Աբասովը Ստամբուլից անարգել վերադարձել է Ռուսաստան: Իշխանական minval politika-ն համոզված է, որ Ռուսաստանը «երբեք Աբասովին չի արտահանձնի, քանի որ նա սերտորեն կապված է Մոսկվայի և մարզի գործարար շրջանակների հետ, տեղի ադրբեջանական համայնքներում հեղինակություն է վայելում»:

Խնդիրն այս դեպքում Աբասովի անձը, նույնիսկ Մոսկվայի համար նրա կարևորությունը չէ: Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի դեմ քրեական գործը կառուցված է Մոսկվայի հետ նրա համագործակցության վարկածի վրա:

Ըստ երեւույթին, նախկին առաջին փոխվարչապետ Աբասովը «գործով անցնում է որպես Մեհթիև-Կրեմլ կապող օղակ»: Այս պատճառով Պուտինը հազիվ թե նրան հանձնի Ալիևի «արդարադատությանը»:

Մանավանդ որ Ադրբեջանի ՊԱԾ-ը նախապես սպառնացել է, որ կհրապարակի «դավադրության կազմակերպումն ապացուցող տեսաձայնագրություններ»:

Ուշագրավն այս համատեքստում Էրդողանի պահվածքն է, եթե, իհարկե, նա տեղյակ է եղել, որ Աբասովը գտնվում է Ստամբուլում, և Ադրբեջանում նրա դեմ հետախուզում հայտարարելու որոշում է նախապատրաստվում: Բայց, երևում է, «Մեհթիևի գործը» Թուրքիայի համար այնքան էլ հաճելի չէ:

Թեև կայացվել է Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Հաջիբեյլիին արտաքսելու որոշում, բայց առայժմ նա Թուրքիայում է: Հաջիբեյլին կասկածվում է «սահմանադրական կարգի տապալման փորձին» ներգրավվածության մեջ: Առանց Աբասովի ներգրավման «Մեհթիևի գործը», հավանաբար, կփլուզվի: