Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան ենթադրվող այցին և ձևակերպել, որ «Երևանում սպասում են Թրամփի «ճանապարհային թիմին»»:
Պարբերականը վկայակոչել է Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանի «առայժմ վերջին» հարցազրույցը, որտեղ նա խոսել է TRIPP նախագծի աշխարհաքաղաքական նշանակության մասին:
«Հուսալի և անվտանգ երթուղին, որ կանցնի Հայաստանի հարավով, հետո՝ Նախիջևանով, ապա կրկին կմտնի Հայաստանի տարածք՝ Գյումրիի և թուրքական Կարսի ուղղությամբ, թույլ կտա Արևելքի և Արևմուտքի միջև ստեղծել տրանզիտային լիարժեք հաղորդակցություն»,- ամերիկյան դիվանագետին մեջբերել է ռուսաստանյան պարբերականը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցի կարեւորությունը այն է, որ նա TRIPP-ը ներկայացնում է ոչ թե Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա, այլ՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Հայաստան-Թուրքիա երթուղով, ինչը փոխում է այդ նախագծի վերաբերյալ մինչ այժմ եղած պատկերացումները:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն այդ միտքն արտահայտել է, երբ արդեն հայտնի էր, որ նա թողնում է պաշտոնը: Ըստ երևույթին, այդ հարցում ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկումներ ունեցել է:
Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնություններից կարճ ժամանակ հետո Թուրքիան հայտարարել է Կարս-Իգդիր երկաթուղագծի հիմնարկեքի մասին: Ըստ տեղեկությունների, ծրագրի նախնական արժեքը մոտ երեք միլիարդ եվրո է, որ Թուրքիան պետք է ներգրավի փոխառության տեսքով:
Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը նախապատվությունը տալիս է Գյումրի-Կարս երթուղին Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու տարբերակին, որի իրականացումը, բնականաբար, անհամեմատ նվազ ծախսատար կլինի:
Ռուսաստանյան լրատվամիջոցը լուրջ ուշադրություն է հատկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի տեսակետին, ըստ որի Բաքուն TRIPP -ի վերաբերյալ իր «մոտեցումները և նկատառումները ներկայացրել է և հույս ունի, որ դրանք հաշվի կառնվեն»:
Ընդսմին, «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը «միջանկյալ» նկատել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման «երկրորդ նախապայման է առաջադրել»:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանատու է երթուղու իր հատվածի համար, մյուս հարցերը պետք է կարգավորեն ԱՄՆ-ը և Հայաստանը: Բայրամովի վերջին «նախապայմանը» թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն դեմ է Նախիջևան-Հայաստան-Թուրքիա երթուղուն:
Թուրքիան Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Աֆրիկայում չափազանց կարևոր խնդիրներ ունի, որ կարող է կարգավորել բացառապես ԱՄՆ-ի աջակցությամբ: Այս առումով, գուցե, Էրդողանը «հրաժարվի՞» Կարս-Իգդիր երկաթգծի ծրագրից:
Իհարկե, սա շատ լավատեսական ենթադրություն է, բայց պետք է նաև հաշվի առնել, որ Թուրքիան դրանից էականորեն չի կորցնի:






Բաց մի թողեք
Ում ձիերն են մորթել Ծովագյուղում ու ցլիկի մսի անվան տակ իրացրել ԳՈՒՄ-ի շուկայում
Բացառիկ. ԵՄ էներգետիկ շուկայում գնային աղավաղումները պետք է վերանան. Պորտուգալացի նախարար. Լուսանկարներ
Բնակարանները թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը