20/01/2026

Սրբազան պատերազմի, լինել – չլինելու, հայ մնալու կռիվ է

Ես միանգամայն հասկանում եմ այն ցասումն ու վրդովմունքը, որ ապրում են այսօր նորմալ հայ մարդիկ` իմանալով, որ տիրադավ եպիսկոպոսներին որոշ քահանաներ էլ են միացել:

Հասկանում եմ այն ատելությունն ու զայրույթը, որ կուտակվում է նման մարդկանց մոտ այս զազրելի եկեղեցաքանդ պրոցեսը նախաձեռնած անձի նկատմամբ, ով աննահանջ առաջ է շարժվում իր հայատյաց ծրագրով:

Բայց ես բոլորովին չեմ հասկանում եկեղեցու հովվապետի քայլերի ու գործողությունների տրամաբանությունը (եկեք Աստածաշնչով առաջնորդվենք` կուռքեր չկերտենք անգամ շատ կարևոր անձանցից):

Եթե հունիսի 27-ին Մայր Աթոռը փորձեր դիմադրություն ցույց տալ և գիտակցեր, որ Միքայել սրբազանի ձերբակալությունը սոսկալի գործընթացի միայն սկիզբն է և այն չկանգնեցնելու դեպքում շատ ավելի նողկալի քայլեր են Եկեղեցու դեմ կիրառվելու, գուցե հնարավոր լիներ կանխել այս ընթացքը:

Եթե Արագածոտնի թեմում խուզարկությունների և Մկրտիչ սրբազանին ձերբակալելու ժամանակ Մայր Աթոռը կրավորական կեցվածք չընդուներ, եթե Արշակ սրբազանի կալանքը չհանդուրժեր: Եթե 10 տիրադավների առաջին իսկ հայտարարությանը կոշտ արձագանքեր և հակաքայլեր ձեռնարկեր…գուցե այսօր բոլորովին այլ իրավիճակ ունենայինք:

Այսօր Մայր Աթոռին դավաճանած քահանաների թեմական «աշխարհագրությունը» ցույց է տալիս, որ նրանք բացառապես տիրադավ եպիսկոպոսների թեմերից են` Արմավիր, Մասյացոտն, Արարատյան թեմ, ինչը նշանակում է, որ պաշտոնանկ ու կարգալույծ չարված թեմակալ առաջնորդները ճնշումների, իրենց ձեռքում մնացած լծակների միջոցով նրանց մղում են դավաճանության, ստիպում են ճամբարափոխ լինել:

Երբ օրեր շարունակ մենք հորդորում, խնդրում էինք Վեհափառին դրանց հեռացնել, կարգալույծ ու պաշտոնաթող անել, չի նշանակում դաժան էինք, ներողամտության ոչ ունակ: Ոչ: Մենք նաև հասկանում էինք, որ վարչապետական խրախուսանքն իրենց թիկունքին զգացող այդ տիրադավները կարգալույծ լինելուց հետո էլ կարող են չլքել առաջնորդարանները և ոստիկանության աջակցությամբ դիմադրություն ցույց տալ Մայր Աթոռին:

Բայց նրանց հեռացումը կարող էր մթնոլորտ փոխել, քահանաներին ուժ տալ, դիմադրություն ձևավորեր Եկեղեցու ներսում: Վերջապես ցույց կտար, որ որոշումներ կայացնողը Ամենայն հայոց կաթողիկոսն է, ոչ թե 10 անպատկառ ու սրբապիղծ մարդ: Տիրադավներին չնկատելը- չպատժելը կոպիտ ստրատեգիական սխալ էր, ինչի պտուղները քաղում ենք այսօր…

Հասկանալի է, որ «պետական մեքենայի» դեմ դուրս գալը բարդ բան է և անհատներն ու առանձին կառույցներ խուսափում են նման առճակատումներից: Բայց հիմա սրբազան պատերազմի, լինել- չլինելու, հայ մնալու կռիվ է գնում: Հիմա հապաղելու, վախենալու, դիվանագիտական զգուշության ժամանակը չէ…

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից