19/01/2026

Թրամփը կրկին մեղադրել է Զելենսկուն, ինչը Կրեմլի «սրտով» է

Ուկրաինայի դիրքերը շարունակում են «վատթարանալ»՝ սահմանափակելով Կիևի որոշումների կայացման հնարավորությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը փոխանցում է ՌԲԿ-ն։

Ըստ Պեսկովի՝ «իրավիճակը օրեցօր վատթարանում է Կիևի ռեժիմի համար, և Կիևի որոշումների կայացման միջանցքը նեղանում է»։

Պեսկովը նաև նշել է, որ Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ, ըստ որի՝ Ուկրաինայի ղեկավարությունը, իբր, խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Խաղաղության շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահպանում է «բաց դիրքորոշում», ինչը հայտնի է և՛ ԱՄՆ-ին, և՛ Ուկրաինային, պնդել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք՝ Ռոյթերս-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է կնքել խաղաղության համաձայնագիր Ուկրաինայի վերաբերյալ։ Սակայն, ըստ ամերիկացի առաջնորդի, «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար դժվար է դրան հասնելը»։

Երբ նրան հարցրել են, թե ինչու են արգելակել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ռուս-ուկրաինական խաղաղության շուրջ բանակցությունները, Թրամփն ասել է՝ Զելենսկի։