14/02/2026

Մարզպետը ստե՞լ է

2021-ի մայիսի 12-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ մի քանի գյուղում խմելու ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել եւ մինչ օրս կան: Տեղացիները մեզ պատմեցին, որ ադրբեջանցիների հսկողության տակ են անցել ջրի աղբյուրները:

Հրապարակ թերթը գրել է․ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարցրինք՝ արդյո՞ք ջրի ավազաններն ու բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո, եւ մարզի գյուղերում ջրի հասանելիության խնդիրներ են առաջացել:

«Դուք այնպիսի հարց եք ինձ տալիս, որի մասին հա՛մ չեմ ուզում հրապարակային խոսել, հա՛մ չեմ ուզում, որ Ձեր հարցը մնա հրապարակային դաշտում ու հետագայում այլ կերպ ընկալվի: Բայց ես կասեմ` բոլոր այն ջրաղբյուրներն ու ջրավազանները, որոնք սպասարկում են մեր բնակավայրերին, 100%-ով սպասարկվում են մեր համայնքների կողմից:

Համայնքային այն աշխատողը, որը զբաղվում է ջրավազանների մաքրմամբ կամ քլորացմամբ, իրենք իրենց աշխատանքները կարողանում են Ձեր նշած ջրավազաններում 100%-ով իրականացնել: Ջրի խնդիր ունենք այդ բնակավայրերում, ջրի խնդիրը կապված չէ Ձեր նշած հարցի հետ, ջրի խնդիրը կապված է նախորդ դարից մնացած խողովակաշարերի քայքայված լինելու հետ»,- եղավ մարզպետի պատասխանը:

Պարզվում է՝ այս պատասխանը հեռու է իրական լինելուց, եւ դրա հետ կապված բազում ապացույցներ կան, ու այդ մասին խոսում են նաեւ բնակիչները:

Այն, որ Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերում խմելու ջրի հետ կապված խնդիրներ կան, հաստատ է՝ մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը եւ նշեց, թե որ համայնքում ինչ խնդրի են բախվել գյուղացիները. «Նորաբակում կառուցված նոր ջրագիծը եւ աղբյուրակապը մնացել են ադրբեջանցիների հսկողության տակ, փաստացի հիմա չի օգտագործվում: Գումարը դրել են, որ ջուր ունենան, հիմա ջուր չունեն:

Նորաբակցիներն ասում էին, որ Վարդենիսից են օգտվում: Գեղամաբակ, Ջաղացաձոր, Վերին Շորժա եւ Ներքին Շորժա համայնքներում 1 ընդհանուր ջրավազան է, այստեղ, ճիշտ է` ջուրը վերցնում են, բայց այս տարածքը նույնպես ադրբեջանցիների հսկողության տակ է: Խոտհարքի եւ արոտավայրերի մասով միանշանակ ադրբեջանցիների դիտարկման տակ է, որի պատճառով անասնագլխաքանակը կրճատվել է: Վերին Շորժայի հատվածում ցանքատարածությունները, որտեղ գարի կամ ցորեն են ցանում, կոմբայնավարները վախենում են գնան քաղեն, կիսատ-պռատ է ցանվում: Այսինքն՝ խոչընդոտ կա, քանի որ նշանառության տակ են»: