Հունիսի 7-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ, Հայաստանում արդեն ուրվագծվում է նախընտրական փազլը, ակնհայտ են դարձել գլխավոր մրցակիցները։
Հրապարակ թերթը գրել է․ Սակայն իրենց մասնակցության մասին հայտարարածների ցանկը չի ուրախացնում ընտրողներին։ Կար սպասում, որ այս ընտրություններին ընդդիմությունը կմասնակցի մի քանի խոշոր ճակատով, վատագույն դեպքում՝ 4, եւ հետընտրական գործընթացները կզարգանան Գյումրու սցենարով, ու ընդդիմադիրների հավաքական քվեով իշխանություն կձեւավորեն, սակայն անցողիկ շեմի հետ ակնհայտ խնդիրներ ունեցողների, ընտրաձայները փոշիացնողների եւ դրանով իշխանության ջրաղացին ջուր լցնողների պակաս այս անգամ էլ չի զգացվում, ինչն առավել մեծացնում է Նիկոլ Փաշինյանի շանսերը:
Բանն այն է, որ փոշիացած քվեների առյուծի բաժինն անցնելու է ամենաշատ ձայն ստացած ուժին, եւ եթե վարչական ռեսուրսի շնորհիվ ՔՊ-ն լինի առաջինը, ուրեմն նրան էլ բաժին կհասնի ամենաշատ ընտրափոշին։
Նախ արձանագրենք, որ իշխանական քարոզչության շնորհիվ ընտրողն այս անգամ էլ ստիպված է լինելու ընտրել «ներկաների» եւ «նախկինների» միջեւ։ Երկրում քաղաքական դիսկուրսն այդպես էլ չփոխվեց, թեպետ խաղի մեջ է մտել գործարար Սամվել Կարապետյանը՝ իր «Ուժեղ Հայաստան» նորաստեղծ կուսակցությամբ։ Թվում էր՝ պետության համար բոլոր ժամանակներում մեծ ներդրումներ կատարած միլիարդատերը կդիրքավորվի նախկինների ու ներկաների արանքում, սակայն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ նրան տեղափոխի նախկինների դաշտ եւ ներկայացնի որպես պատերազմի մունետիկ` պատերազմի եռագլուխ ուժեր, խոսքը Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի եւ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի՝ ներկայում «Առաջարկ Հայաստան» կոչվող պլատֆորմի մասին է։
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղպայմանագիրը» երեկվա դրությամբ միակն էր, որ ԿԸՀ է ներկայացրել ընտրությունների առաջադրման փաստաթղթերը։ Մյուսներն ընդամենը հայտարարել են առաջադրման մտադրության մասին:
Ի՞նչ շանսեր ունի երբեմնի հեղափոխական առաջնորդը․ հարցի պատասխանը շատերին է տեսանելի՝ ոչ միայն բազում սոցհարցումների՝ իրենց համար նվաստացուցիչ արդյունքներից, այլեւ իշխանական միջոցառումներից, վկան՝ կիրակնօրյա ավտոերթն ու Գյումրիում կազմակերպված համերգը, որին վարչական լծակների կիրառմամբ հազիվ կարողացել էին, ըստ լավագույն հաշվարկների, 4-5 հազար մարդ հավաքել։
Ընդդիմադիր առաջնորդությունն այս ընտրություններին անառարկելիորեն վերցրել է Սամվել Կարապետյանը, հաջորդում է Ռոբերտ Քոչարյանը, տարբեր հարցումներ վկայում են, որ Գագիկ Ծառուկյանն էլ անցողիկ շեմը կհաղթահարի, հնարավոր է, որ Արման Թաթոյանն էլ մոտենա այդ շեմին, իսկ մյուսներն ակամայից կարող են նպաստել Փաշինյանի վերարտադրությանը։
Արեւմտամետ թեւը թերեւս հենց այդ հաշվարկով է խաղի մեջ մտնում՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի շուրջ միավորված քաղհասարակության ճակատը, Գուրգեն Սիմոնյանը` Էդուարդ Անտինյանի հետ, որպեսզի եթե անգամ չհաղթահարեն շեմը, փոշիով աջակցեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն անհասկանալի է դաշտում ընդդիմադիր դիրքավորվածների դիրքորոշումը։
Փորձագետների գնահատմամբ, շեմը հաղթահարելու լուրջ խնդիր ունեն ՀԱԿ-ը, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժը» եւ նմանատիպ այլ ուժեր, որոնք սնկի պես աճում են։ Անգամ եթե քաղաքական այս ուժերի ներկայացուցիչներն անկեղծ ընդդիմություն են եւ իսկապես ուզում են Փաշինյանի իշխանազրկումը, սակայն հարցումները վկայում են, որ նրանց շանսերը մեծ չեն, եւ ընտրություններին մասնակցությունը դարձրել են իրենց կյանքի իդեաֆիքսը։ Ընտրություններին չի մասնակցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սակայն նրա թիմն էլ է կարծես որոշել օգնել Նիկոլ Փաշինյանին: Այն, որ ընդդիմադիր դաշտի չբյուրեղանալու դեպքում գոնե միմյանց չհարվածելու, հակաքարոզչություն չանելու պայմանավորվածության չկարողացավ հանգել:
Հայաստանում նախընտրական արշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն դա չի խանգարում քարոզարշավ իրականացնելուն, ավելի ճիշտ՝ միմյանց վրա ցեխ շպրտելուն։ Գործընթացը փաստացի սկսվել է Փաշինյանի մարզային այցերից, որը նորից քննադատում է «նախկիններին», նրանք հակադարձում են, եւ երկրում ատելության հռետորաբանությունը նոր թափ է հավաքում ու ծավալվում։
Հայաստանում կա մի ընտրազանգված, որն այլընտրանքային քաղաքական ուժի պահանջ եւ հույս ուներ, որը կապված չէր լինի ո՛չ «ներկաների», ո՛չ «նախկինների» հետ։ Թվում էր` այդ ուժը կարող է լինել «Բոլորին դեմ եմ» շարժումը, բայց այս շարժման գործողություններն ու խոսույթը եւս շատերին վանեցին եւ կասկածների տեղիք տվեցին, որ նրանք էլ են Փաշինյանի համար խաղի մեջ մտել, ու նրանցից ոմանք իշխանության հետ ջերմ հարաբերություններ ունեն։
Այնուամենայնիվ, չնայած քաղաքական ուժերը չունեցան բավարար խոհեմություն, որ ավելի կազմակերպված ու միասնական պայքարի դուրս գան` գիտակցելով այս ընտրությունների էքզիստենցիալ բնույթը, սակայն հայտ ներկայացրած ուժերի մեջ լայն ընտրության հնարավորություն կա, եւ ընտրողն այլընտրանք ունի, մնում է, որ գիտակցի ընտրություններին մասնակցելու կարեւորությունը եւ պարտադիր գնա քվեարկության` գիտակցված ընտրություն կատարելով։

Բաց մի թողեք
5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա
Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին
Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի