Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մրցապայքարին եւ առանձնացրել «իրական» և «պատմական» Հայաստանի շուրջ բանավեճը։
«Մինչ Հայաստանում չեն ընդունում Փաշինյանի կրծքազարդի պատկերով սահմանները, պետք է կողմնորոշվել, իսկ մենք ընդունո՞ւմ ենք 1920-ական թվականներին բոլշեւիկների կողմից Հայաստանին արված նվիրատվությունները»,- գրել է Զուլֆուգարովը։
Անկախ նրանից, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարի բերած «հիմնավորումները» մտացածին են և իրավական ոչ մի հիմք չունեն, առկա իրավիճակում, երբ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու որևէ մտադրություն չունի, իսկ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Կալուգինը Վրաստանին խորհուրդ է տալիս Մոսկվայի միջնորդությամբ «հարաբերությունները կարգավորել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ», Հայաստանի տարածքային ամբողջականության «կասկածելիության» մասին Բաքվից հնչած «հռետորական հարցադրումը» խիստ զգաստացնող է։
Եվ այստեղ «բանալի սահմանումը» այն է, որ «արեւմտյան Զանգեզուրը Հայաստանին բոլշեւիկներն են նվիրել»։ Ռուսաստանը ճանաաչվել է ԽՍՀՄ, ուրեմն և՝ բոլշևիկյան Ռուսաստանի, իրավահաջորդ։ Զուլֆուգարովը «բոլշեւիկներ» ասելիս, անկասկած, նկատի ունի Ռուսաստանին, որի նախագահը մայիսի 9-ին բացեիբաց հայտարարել է, որ Ուկրաինան պատժվում է եվրաինտեգրման ձգտումների համար և ակնարկել, որ «նույնը Հայաստանին է սպասում»։
Ռուսաստանը Հայաստանի հետ ցամաքային սահման չունի, Ուկրաինայի օրինակով պատժիչ գործողություններ իրականացնելու համար պետք է նախ կամ Վրաստանը օկուպացնի, կամ՝ Ադրբեջանը, կամ Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմի դրդի։ Մայիսի 10-ին Իլհամ Ալիևը Զանգելանում հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստանին պաշտպանելու անհրաժեշտություն չկա, իրենք հասել են ցանկալիին։
Նա իր «խորհուրդը» հասցեագրել է Եվրամիությանը։ Ալիևը միաժամանակ ասել է, որ եթե ինքը կրակելու հրաման տա, հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդները «կճողոպրեն»։ Մեհրիբան Ալիևան ֆեյսբուքի անհատական օգտահաշվում լուսանկարներ է հրապարակել, որտեղ Իլհամ Ալիևը պատկերված է մատների V նշանի ցուցադրմամբ։
Ադրբեջանցի վտարանդի լրագրող Գանիմեդ Զահիդովը ուշադրություն է հրավիրել Մեհրիբան Ալիևայի մարզական տաբատի դաջվածքանկարին, որ գանգ և ոսկոր է պատկերում։
Մոտ տասը օր առաջ ադրբեջանցի քաղաքագետ-մեկնաբան Գուլու Մահեռամլին նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին քննադատել է, որ «իշխանություններին ժամանակավրեպ խոորհուրդներ է տալիս»։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի հասցեին արված «զգուշացումներից» հետո, կարծես, Բաքվում առնվազն տեղեկատվա-քարոզչական իրավիճակ է փոխվում։
Ո՞ւմ խոսափողն է Թոֆիգ Զուլֆուգարովը։ Վերջերս նա ՖԲ օգտահաշվում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը Եմենի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ռազմածովային ուժերի ավագ լեյտենանտի համազգեստ է կրում։
Ակնհայտ է, որ Բաքվի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Զուլֆուգարովը խորհրդային ՊԱԿ-ի կողմից հավաքագրվել է դեռևս վաղ երիտասարդության տարիներին։ Իսկ ՊԱԿ-ի նախկին գործակալ չի լինում, եթե Լուբյանկան նրան այն աշխարհ «չի գործուղել»։

Բաց մի թողեք
Ի՞նչ կարող է փոխվել, եթե Թրամփ – Պուտին գագաթաժողովից «ծուխն» է մնում
ԼՂ դեմ պատերազմը և հայ բնակչության բռնատեղահանությունը Ռուսաստանի թույլտվությամբ է եղել
Թրամփի շնորհիվ ռուս – չինական ռազմական դաշինքը չի կայանա