26/12/2024

ԵԱՀԿ, թե՝ 3 +3․ Հայաստանի համար կովկասյան խաղի բազմազանությունը անհրաժեշտ ռեսուրս է

Երբ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության ձեւաչափի ապագայի մասին, այդ ձեւաչափերի լուծարման վերաբերյալ Բաքվից հնչող արդեն հայտնի հարցադրումների եւ շեշտադրումների առիթով, ապա թերեւս պետք է իրավիճակին նայել բոլորովին ոչ միայն ղարաբաղյան խնդրի պրիզմայով:

Այդ պրիզման անշուշտ հասկանալի է: Սակայն, կա նաեւ ավելի լայն եւ Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր, անվտանգային շերտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային բացառիկ մանդատ է, որ առնչվում է Հայաստանի անվտանգության անմիջական միջավայրին: Երբ դուրս ենք բերում այդ մանդատը, ակնառու է դառնում, որ այդ միջավայրում չկա որեւէ այլ հաստատուն ձեւաչափ, որի մասնակիցները նաեւ ունեն միջազգային հարաբերությունների բավականին մեծ ինստիտուցիոնալ ռեսուրս եւ փորձ:

Միակ շոշափվող գաղափարն այսօր 3+3 ռեգիոնալ ձեւաչափն է, ընդ որում խորհրդակցական տրամաբանության դիտարկմամբ: Այսինքն, ոչ թե մանդատի, այլ խորհրդակցական գործառույթի համատեքստում: Հարկ է նկատել, որ այդ ձեւաչափը Հայաստանի համար եւս կարեւոր աշխատանքային դաշտ է, առնվազն այն պարզ պատճառով, որ այն Կովկասի «շապկին մոտ» ըստ էության միակ հնարավոր ձեւաչափն է կամ ամենամոտ ձեւաչափն է:

Երեւանը դրա մասին խոսակցության հենց սկզբից արտահայտվել է, որ դեմ չէ դրա շուրջ աշխատանքին, սակայն համարում է, որ այդ ձեւաչափը չպետք է քննարկի հարցեր, որոնք հասցեագրված են այլ ձեւաչափերի: Այդ ժամանակ, իսկ դա 2021 թվականն էր, դեռեւս կար Մինսկի խմբի համանախագահության աշխատանք, որը ներառում էր նաեւ ղարաբաղյան խնդրի հետպատերազմյան իրողությունները:

2022-ից ի վեր այդ ձեւաչափը չի աշխատում, սակայն հարկ է նկատել, որ Երեւանի համար դրանից չպետք է փոխվի մոտեցման սկզբունքը՝ 3+3-ը չպետք է դիտարկվի Մինսկի խմբի համանախագահության եռյակի ձեւաչափի այլընտրանք կամ փոխարինող, հետեւաբար դրանք չպետք է դիտվեն «իրարամերժ» տրամաբանության մեջ:

Եվ հակառակը, Հայաստանն իր առաջ պետք է դնի թերեւս այյդ երկու դաշտերի կամ գաղափարների միջեւ հաղորդակցային նվազագույն իմաստ մշակելու եւ այդ համատեքստում իր ռեգիոնալ դիրքավորման խնդիր, պատրաստվելով Կովկասի ապագայի քննարկումներին: Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը իրավիճակը բարդացնող սխեմաներ են:

Այս դեպքում բարդացնողը պետք է դիտել ոչ թե ծանրի, այլ բազմազանի հոմանիշ: Իսկ սուղ ռեսուրսներով խաղացող Հայաստանի համար կովկասյան խաղի բազմազանությունը անհրաժեշտ ռեսուրս է, անկախ ամեն ինչից: